ԵԱՀԿ-ն և ԵՄ-ն աջակցում են սոցիալական ցանցերի և նոր մեդիաների օգտագործմանը՝ որպես Հայաստանում քաղաքացիական ակտիվությունն ու քաղաքական բանավեճը խթանելու միջոց
ԵՐԵՎԱՆ, նոյեմբերի 20, 2013 թ. – Այսօր Երևանում կազմակերպված համաժողովի քննարկման թեման էր նոր մեդիաների և սոցիալական ցանցերի դերակատարությունը Հայաստանի սոցիալական և քաղաքական կյանքում:
Միջոցառումը կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Ռեգիոն հետազոտական կենտրոնը՝ Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացների կատարելագործման ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ:
Մոտ ութսուն մասնակիցներ՝ լրագրողներ, բլոգերներ, տեղական և միջազգային փորձագետներ, Ազգային ժողովի պատգամավորներ և քաղաքական գործիչներ, քննարկեցին մի շարք հարցեր, ինչպիսիք են, օրինակ՝ սոցիալական մեդիաները, քաղաքացիական ակտիվությունը և քաղաքական գործընթացների թափանցիկությունը, ավանդական և նոր մեդիաների միջև հարաբերակցությունը, ինչպես նաև սոցիալական մեդիաները և տեղեկատվության անվտանգությունը:
«Սոցիալական ցանցերի առաջացումը կտրուկ փոխեց մեր գաղափարներն արտահայտելու ու կարծիքները փոխանակելու ձևերը: Էթիկական կանոնների հարգման անհրաժեշտությունը, սակայն, լինի դա առցանց, թե ցանցից դուրս հաղորդակցության ընթացքում, մնացել է անփոփոխ՝ անկախ արագ զարգացող տեխնոլոգիաներից», նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը համաժողովի մասնակիցներին իր ուղղված իր ելույթում: «Հուսով եմ, որ այսօրվա քննարկումը կնպաստի առցանց միջավայրում ազատ արտահայտվելու իրավունքի և էթիկական չափանիշների հարգման միջև հավասարակշռության հասնելու արդյունավետ մեխանիզմների բացահայտմանը:»
Համաժողովին ներկայացվեց նաև Ֆեյսբուքի օգտագործման վերաբերյալ համապարփակ հետազոտության արդյունքները: Ռեգիոն հետազոտական կենտրոնի նախագահ Լաուրա Բաղդասարյանը նշեց. «Այսօրվա ֆեյսբուքի լսարանը հայ հասարակության միկրոպատկերն է. այն ձևավորված է տարբեր տարիքի և զանազան քաղաքական և սոցիալական ոլորտների մարդկանցից: Ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե սոցիալական ցանցերը ինչ դերակատարություն ունեն Հայաստանում բազմակարծիք տեղեկատվության տարածման համար, ինչպես նաև դրա ազդեցությունը հանրության տարբեր հատվածների համար»