Հայաստանում ԵԱՀԿ-ի աջակցությամբ վերապատրաստվել են ոստիկանության ուսուցանողները
ԵՐԵՎԱՆ, 2013թ. հունիսի 5 - Այսօր Երևանում, ավարտական արարողության ժամանակ, ԵԱՀԿ-ի աջակցությամբ կազմակերպված ոստիկանության ուսուցանողների երկամսյա դասընթացի մասնակիցներին շնորհվեցին վկայագրերը:
Դասընթացը նախատեսված էր վերջերս հիմնադրված Ոստիկանության Կրթահամալիրի դասախոսական անձնակազմի համար և նպատակ ուներ բարձրացնելու կրթության որակը և ամրապնդելու նրանց կարողությունները, ովքեր ներգրավված են ուսումնական գործընթացի գնահատման մեջ:
«ՀՀ ոստիկանության հետ բարեփոխումների գործընթացում համագործակցությունը, մեր գրասենյակի գերակայություններից մեկն է: Այս դասընթացը լավ օրինակ է, թե ինչպես է ԵԱՀԿ-ն տրամադրում գործնական աջակցություն՝ միջազգային չափանիշները ոստիկանության ծառայություն ներմուծելու համար», ասաց դեսպան Անդրեյ Սորոկինը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը:
Դասընթացի ծրագիրը մշակվել է Միացյալ Թագավորությունից ԵԱՀԿ փոձագետի կողմից և իրականացվել ապրիլի 9-ից հունիսի 4-ը: Այն ներառել էր մի շարք փոխկապակցված դասընթացներ, որոնց կիզակետում էին ոստիկանական կրթության և ուսուցման տեսությունը և ժամանակակից մոտեցումները, մասնավորապես՝ գնահատման սկզբունքները և կիրառումը, ուսումնառության փուլերը, ուսումնառության համար ապահով միջավայրը, հաղորդակցության հմտությունները և արդյունավետ արձագանքը: Դասընթացի վերջին մասը նվիրված էր որակի ապահովման կիրառմանը ուսումնական գործընթացի արդյունավետ ղեկավարման շրջանակներում:
Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը նշեց. «Մենք կարևորում ենք ՀՀ ոստիկանության կրթահամալիրում պրոֆեսորադասախոսական կազմի համար ժամանակակից պահանջներին համապատասխան և առաջավոր փորձի փոխանակման շրջանակներում կազմակերպված դասընթացները՝ եվրոպական դասավանդման մեթոդների և եղանակների վերաբերյալ, քանի որ վստահ ենք, որ դա հետագայում կնպաստի առավել արդյունավետ դարձնելու ուսումնական գործընթացը:»
ԵԱՀԿ-ն աջակցում է ոստիկանական կրթության բարեփոխումներին 2010 թ.-ից, երբ ՀՀ կառավարությունը միջազգային լավագույն փորձին համապատասխան նոր հայեցակարգ ընդունեց: