ԵԱՀԿ-ն խթանում է ուսանողների ակտիվությունը Հայաստանում բանավեճերի միջոցով
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի 2012 թ. - Երևանից և մարզերից ուսանողական յոթ թիմեր այսօր և վաղը կհավաքվեն Երևանում եզրափակիչ բանավեճի համար:
Ուսանողները կբանավիճեն և կպաշտպանեն իրենց տեսակետները այնպիսի կարևոր հասարակական խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարը, ընտանեկան բռնությունը և Հայաստանի ինտեգրումը Եվրամիությանը:
Այս ծրագրի ներքո Գյումրիում, Կապանում, Վանաձորում, Իջևանում, Գորիսում, Գավառում և Երևանում ստեղծվեցին ուսանողական բանավեճերի ակումբներ, որոնցից յուրաքանչյուրը ներառում է 40 ուսանող: Նախքան եզրափակիչ բանավեճը ուսանողները մասնակցել են 21 միջհամալսարանային բանավեճերի:
<<Գաղափարների և կարծիքների փոխանակումը ժողովրդավարության հիմքն է, և այս առումով շատ կարևոր է երիտասարդների շրջանում բանավեճային մշակույթի խթանումը>>,- նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄքՔոյը: <<Թեմայի ուսումնասիրության, իրազեկված դառնալու և քո տեսակետների պաշտպանումը արժեքավոր փորձ է: Բանավիճելով դու ավելի խելացի, ճկուն և արձագանքող ես դառնում. այս հմտությունը կօգնի երիտասարդներին դառնալ ակտիվ և տեղեկացված քաղաքացիներ>>:
Ջինիշյան հիմնադրամի քաղաքացիական հասարակության և կրթական ծրագրերի համակարգող Ռուբեն Կրիկյանը հավելեց.<<Արդեն մի քանի տարի է` մենք հաջողությամբ կազմակերպում ենք բարձր դասարանների բանավեճերի ակումբներ ամբողջ Հայաստանի տարածքով: Նմանատիպ նախաձեռնութան կազմակերպումը ուսանողների համար մարտահրավեր էր, որը սակայն ուսանողների համար դարձավ օգտակար վարժանք և օգնեց ամրապնդել նրանց հռետորական խոսքն ու հասարակական, տնտեսական և քաղաքական թեմաների վերաբերյալ իրենց հղկված տեսակետներն արտահայտելու հմտությունները>>:
Որպես այս ծրագրի մի մաս ԵԱՀԿ գրասենյակը նաև աջակցել է ուսանողների մասնակցությամբ երեք հեռուստաբանավեճերի անցկացմանը: Բանավեճերի թեմաներն էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքը, ընտրությունների ընթացքում կանանց մասնակցության քվոտաները և համացանցի ու լրատվության նոր միջոցների վերահսկման խնդիրները:
Նախաձեռնությունը իրականացվում է Ջինիշյան հիմնադրամի կողմից, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական ակտիվությունը և բանավեճերի ակումբների զարգացումը Հայաստանում: