ԵԱՀԿ գրասենյակը հանրությանն է ներկայացնում Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծման վերաբերյալ հետազոտություն
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի 2012թ. - ԵԱՀԿ մասնակից Պետությունների ներկա իրավիճակի, միջազգային չափորոշիչների և լավագույն փորձի վերլուծությունը գտնվում էր Հայաստանում պրոբացիայի ծառայություն ստեղծելու հետազոտության ուշադրության կենտրոնում, որը ներկայացվեց այսօր Երևանում:
Հետազոտությունը պատրաստվել է «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ` Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների խթանման շրջանակներում: Հետազոտության արդյունքները կարող են ծառայել որպես հիմք` Հայաստանի իշխանությունների կողմից Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծման ռազմավարական ծրագրի զարգացման համար` 2012-2016թթ. Իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրին համահունչ:
«Պրոբացիայի ծառայության ստեղծումը օգտակար կլինի ողջ հասարակության համար», - ասաց ԵԱՀԿ գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը. «Մենք հուսով ենք, որ հետազոտությունն ու այսօրվա քննարկումները կօգնեն կառավարությանն ընտրել առավել արդյունավետ ուղին ծառայության ներդրման համար` ապահովելով պատշաճ գործունեությունը»: Նա ընդգծեց գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությունը:
Հետազոտությունը ներկայացնում է եվրոպական երկրների պրոբացիայի ծառայության տարբեր մոդելներ և վերլուծում դրանց համեմատական առավելությունները: Այն նաև ներառում է Արդարադատության նախարարության, Քրեակատարողական վարչության աշխատակազմի, դատապարտյալների և այլ շահագրգիռ կողմերի հարցման արդյունքները, որոնք անց են կացվել` գնահատելու դատապարտյալների հետ վերականգնողական աշխատանքների իրականացման ներկայիս վիճակը:
«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի համագումարի նախագահ Արշակ Գասպարյանը նշեց. «Պրոբացիայի ծառայության ստեղծումը կարող է նպաստել հանցագործությունների կանխարգելմանը, նվազեցնել կրկնահանցագործությունների թիվը, բարձրացնել ազատազրկման հետ չկապված պատիժների կիրառելությունը` նպաստելով հասարակության անվտանգությանը»:
Հետազոտությունը տեղադրված է https://www.osce.org/node/97036 կայքէջում:
Նույն ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ գրասենյակը նաև աջակցել է հաշվապահության, տարրական համակարգչային գիտելիքների և անգլերեն լեզվի մասնագիտական դասընթացների կազմակերպմանը Էրեբունի և Կոշ քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների համար: Ամփոփիչ քննությունների և վկայականի տրման արարողությունը տեղի է ունեցել ս.թ. նոյեմբերի 9- ին: