ԵԱՀԿ գրասենյակը խթանում է համայնքային ոստիկանությունը դպրոցներում
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբեր 2012 թ. - Այսօր Երևանում ավարտվեցին <<Ապահով դպրոց>> նախաձեռնության շրջանակներում կազմակերպված քառօրյա միջոցառումները: Նախաձեռնությունը կազմակերպել էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ ոստիկանությունը:
Երևանի Դավթաշեն և Արաբկիր համայնքների 189 և 130 դպրոցներում տեղի ունեցած միջոցառումները ուղղված էին դպրոցում անվտանգության խնդիրների` թմրամոլության, ծխախոտի օգտագործման, ոգելից խմիչքների չարաշահման, բռնության և ճանապարհային անվտանգության լուծմանը, ինչպես նաև ոստիկանության և համայնքի միջև համագործակցության ամրապնդմանը: Միջոցառումը հաջորդեց ապրիլին ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացված հայ ոստիկանների Նիդեռլանդներ այցին, որի նպատակն էր ոստիկանության և դպրոցի միջև համագործակցության հոլանդական փորձին ծանոթանալը:
<<Համայնքային ոստիկանությունը ոստիկանության և տեղի բնակչության միջև սերտ համագործակցությունն է, խնդիրների և մտահոգությունների վերհանումը, համայնքային խնդիրների արդյունավետ լուծումներ գտնելը և որակյալ ոստիկանական ծառայությունների մատուցումն է: Ոստիկանական այս մեթոդի վերաբերյալ երիտասարդ սերնդի շրջանում իրազեկության բարձրացումը կօգնի նրանց հասկանալու այն դրական փոփոխությունները, որոնք այդ մեթոդը կարող է բերել հասարակության մեջ>>,- նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուն:
Վերոհիշյալ միջոցառումները ներառում էին հանդիպումներ տարածքների համայնքային ոստիկանների, աշակերտների, ծնողների և ուսուցչական կազմի միջև, ինչպես նաև` համայնքային ոստիկանության գաղափարի ներկայացում: Մինչ այս նախաձեռնությունը աշակերտների շրջանում հարցում էր անցկացվել` պարզելու նրանց առավել լուրջ մտահոգությունները կապված անվտանգության հետ: Այդ արդյունքները ներկայացվել և քննարկվել են դպրոցական հանդիպումների ժամանակ:
Նիդեռլանդներից ժամանած համայնքային ոստիկանության փորձագետ Նիկո վան Օյկը նշեց. <<Համայնքային ոստիկանների համար կարևոր է ազդել քաղաքացիների վրա և համագործակցել անվտանգության հարցերում: Սա լավ կանխարգելիչ մեխանիզմ է հատկապես երիտասարդ սերնդի համար, որպեսզի նրանք չներգրավվեն հակասոցիալական վարքագծի մեջ, ինչպիսին է` թմրանյութերի և ալկոհոլի չարաշահումը>>:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը արդեն մի քանի տարի աջակցում է համայնքային ոստիկանության մոդելի ներդրմանն ու կիրառմանը Հայաստանում` երկրում ժողովրդավարական ոստիկանական գործելակերպի տարածմանը խթանելու շրջանակներում: Համայնքային ոստիկանությունը Երևանում մեկնարկեց հունիսին: