ԵԱՀԿ գրասենյակը խթանում է զրպարտությանն ու վիրավորանքին առնչվող վեճերի արտադատական լուծումը Հայաստանում
ԱՂՎԵՐԱՆ, 30 հունիսի 2012 թ. – Զրպարտությանն ու վիրավորանքին առնչվող վեճերի արտադատական կարգավորմանն է նվիրված ԵԱՀԿ աջակցությամբ` լրագրողների և իրավաբանների համար կազմակերպված երկօրյա սեմինարը, որը մեկնարկեց այսօր Աղվերանում:
Միջոցառումը, որ կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և <<Ինֆորմացիայի ազատության կենտրոն>>-ը, նպատակ ունի տեղեկացնել լրագրողներին և իրավաբաններին Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) աշխատանքի մասին` որպես այլընտրանքային մարմին, որը կարող է լուծել լրատվամիջոցներին առնչվող վեճերը: Խորհուրդը հիմնադրվել է 2011թ.–ի մայիսին` ի պատասխան մամուլի դեմ զրպարտության հայցերով դատավարությունների թվի զգալի աճի:
<<Թեև քաղաքացիական հասարակության զեկույցները ցույց են տալիս այս տարվա դրությամբ զրպարտության և վիրավորանքի հայցերի թվի զգալի նվազում, կարևոր է, որ տեղական և միջազգային կազմակերպությունները շարունակեն հետևել իրավիճակին և խթանել իրավիճակի բարելավումը այս ոլորտում: Խորհրդի գործունեությանն աջակցելով` մենք սատարում ենք վեճերի արտադատական կարգավորման մեխանիզմների կիրառմանը և խրախուսում էթիկայի նորմերին համապատասխան լրագրություն, որն ի վերջո պետք է դրական ազդեցություն ունենա ԶԼՄ դաշտի ընդհանուր որակի վրա>>, - նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը:
Տեղեկատվական վեճերի խորհրդի մանդատն է պաշտպանել խոսքի ազատությունը և բարելավել տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաև պաշտպանել մարդկային արժանապատվությունը և մասնավոր կյանքի իրավունքը` հրապարակելով փորձագիտական կարծիքներ ու առաջարկություններ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային իրավական ակտերի և էթիկայի նորմերի հիման վրա, այն դեպքերի համար, երբ դատական վեճեր են առաջանում:
<<Ինֆորմացիայի ազատության կենտրոնի>> ղեկավար և Խորհրդի հիմնադիր անդամ Շուշան Դոյդոյանը հավելեց. <<Տեղեկատվական վեճերի խորհուրդն արձագանքում է, երբ մամուլի ազատության հետ կապված խնդրահարույց իրավական հարցեր են ծագում, ինչպես դա եղավ Վճռաբեկ դատարանի` լրատվական աղբյուրների սահմանման որոշման դեպքում: Խորհուրդը ծառայում է նաև որպես այլընտրանքային, անաչառ մարմին` մամուլի հետ կապված վեճերի լուծման համար: Խորհրդի որոշումները կարող են նաև ունենալ կանխարգելիչ ազդեցություն, երբ վեճի կողմերը փորձում են վեճը կարգավորել առանց դատարանի միջամտության>>:
Սեմինարի ընթացքում կներկայացվեն և կքննարկվեն Խորհրդի կողմից մշակված կարծիքները, ինչպես նաև վերլուծել զրպարտության և վիրավորանքին վերաբերող դատական հայցերը: Կարևորելով Տեղեկատվական վեճերի խորհրդի դերն ու աջակցելով այդ մարմնի գործունեությանը` կազմակերպիչները հուսով են խթանել Հայաստանում խոսքի ազատության առավել արդյունավետ պաշտպանությունը` ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխան: