ԵԱՀԿ գրասենյակը կազմակերպում է ուսուցողական սեմինար հայ փաստաբանների և իրավապաշտպանների համար` երրորդ կողմի մասնակցության թեմայով
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի 2012թ. – Այսօր Երևանում մեկնարկեց մարդու իրավունքների սահմանադրական և միջազգային ընթացակարգերում երրորդ կողմի մասնակցությանը (amicus curiae) նվիրված երկօրյա ուսուցողական սեմինար շուրջ 25 փաստաբանների և հասարակական կազմակերպությունների իրավապաշտպանների մասնակցությամբ:
Սեմինարը կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ փաստաբանների պալատը` նպատակ ունենալով հզորացնելու հայ փաստաբանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարողությունները` ՀՀ սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան amicus curiae համառոտագրեր ներկայացնելու հարցում, որը լրացուցիչ միջոց է հանդիսանում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար:
Amicus curiae իրավաբանական եզրույթ է, որը նշանակում է “դատարանի ընկեր” և վերաբերվում է գործին առնչություն չունեցող երրորդ կողմին, ով կամավոր կերպով տեղեկատվություն է տրամադրում օրենքի վիճահարույց դրույթի կամ դատական գործի այլ ասպեկտների վերաբերյալ` նպատակ ունելով աջակցել դատարանին որոշում կայացնելու գործում: Երրորդ կողմի մասնակցության նպատակն է է’լ ավելի բարելավել դատարանի արդյունավետությունը` բերելով իրավական փաստարկներ, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ գործը այն մարդկանց համար, ովքեր գործի կողմ չեն հանդիսանում:
<Այս սեմինարի միջոցով մենք փորձում ենք հզորացնել կարողությունները և ստեղծել հնարավորություններ իրավաբանների և քաղաքացիական հասարակության համար` իրենց ներդրումը ունենալուՍահմանադրական Դատարանի որոշումների կայացման գործում>, - նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի իրավական հարցերով խորհրդատու Մարիա Սիլվանյանը: “Դատական ակտի հիմնավորման համար ծառայելով որպես լրացուցիչ ապացույցների և փաստարկների աղբյուր` Amicus համառոտագրերի օգտակարությունը արդարադատության որակի առումով նույնպես հաստատված է”:
Ուսուցողական սեմինարը վարում են Լոնդոնի <Ինտերայթս> կազմակերպության միջազգային փորձագետ Պոդրիգ Հյուսը և հայ փաստաբան Վահե Գրիգորյանը: Մասնակիցներին կներկայացվեն Amicus curiae-ի սահմանումը և գաղափարը, կքննարկվի ՀԿ-ների դերը միջազգային և ներպետական դատական գործընթացներում, ինչպես նաև կանցկացվեն գործնական վարժություններ:
< Amicus curiae-ի հասկացությունը դեռևս անծանոթ է Հայաստանում, սակայն այն լայն տարածում է գտել արևմտյան իրավական մշակույթում, մասնավորապես` ընդհանուր իրավունքի երկրներում` Բարձրագույն և միջազգային դատարանների մակարդակներում: Այս գործիքը կարող է արդյունավետ կերպով օգտագործվել քաղաքացիական հասարակության կողմից` արժեքավոր տեղեկություն տրամադրելով դատարանին իրավական փաստարկների վերաբերյալ և թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ նշված գործը այն մարդկանց համար, ովքեր գործի կողմ չեն հանդիսանում>, - նշեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Արման Պողոսյանը:
Սեմինարը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող Հայաստանի դատական համակարգի բարեփոխմանն ուղղված աշխատանքների մաս է կազմում: