ԵԱՀԿ գրասենյակը կազմակերպում է աշխատաժողով պրոբացիայի չափորոշիչների վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի 2012թ. – Այսօր Երևանում կայացած աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին պրոբացիայի միջազգային չափորոշիչները, ինչպես նաև ԵԱՀԿ այլ երկրների լավագույն փորձը:
Միջոցառումը կազմակերպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը <Քաղաքացիական հասարակության ինստիտուտ> ՀԿ-ի հետ համատեղ` վերջինիս Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում: Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել միջազգային չափորոշիչները` օգնելու ուրվագծել պետական կառույցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների տեսլականը Հայաստանում ներդրվելիք պրոբացիոն ծառայության կառուցվածքի վերաբերյալ:
<Պրոբացիոն ծառայության ստեղծումը ներառված է ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների միջոցառումների ծրագրի ցանկում: Հավատացած ենք, որ այս կարևոր մարմինը կնպաստի քրեակատարողական ծառայության վերականգնողական և հասարակությունում վերաինտեգրմանն ուղղված ջանքերին>, նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը:
Պրոբացիայի եվրոպական կազմակերպության նախագահ Մարկ Սերոնը, ով հանդես էր եկել որպես հիմնական զեկուցող, ներկայացրեց պրոբացիայի եվրոպական ծառայության համակարգերի զարգացումը և պրոբացիոն աշխատանքի հիմնական սկզբունքներն ու վարքականոնը: Նա նաև անդրադարձավ պրոբացիայի եվրոպական մոդելի օրենսդրական հիմքերին և պրոբացիոն ծառայության համակարգերի կազմակերպման հարցերին:
<Քաղաքացիական հասարակության ինստիտուտ> ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը հավելեց. <Պրոբացիայի բացակայությամբ չեն կարող պատշաճ գործել ո´չ քրեակատարողական հիմնարկները, ո´չ պայմանական վաղաժամկետ ազատման և ո´չ էլ այլընտրանքային պատիժների համակարգերը։ Հայաստանը բավականին ուշացել է այս ծառայության ներդրման հարցում, սակայն մենք հուսով ենք, որ աշխարհի առաջատար մասնագետների ներգրավումը թույլ կտա հնարավորինս կարճ ժամանակահատվածում կողմնորոշվել Հայաստանի քրեկան արդարադատության համակարգի համար առավել արդյունավետ մոդելի ընտրության հարցում և ձեռնամուխ լինել դրա ներդրմանը>։
Աշխատաժողովին մասնակցեցին ՀՀ արդարադատության նախարարության, Նախարարության քրեակատարողական վարչության, Իրավաբանական դպրոցի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և թեմայով հետաքրքրվող գիտահետազոտական շրջանների ներկայացուցիչներ:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային կապերով պատասխանատու Գոհար Ավագյանին հետևյալ հեռախոսահամարներով` 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5406, բջջ.` (091) 436389: