ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն Հայաստանի ոստիկանության համար իրականացնում են հասարակական կարգի պահպանման դասընթացներ նախքան ընտրությունները
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի 2012թ. - ԵԱՀԿ-ն և ԵՄ-ն այսօր Երևանում ամփոփեցին Հայաստանի ոստիկանության համար իրականացված չորսշաբաթյա ռազմավարական և մարտավարական պլանավորման ուսուցողական դասընթացը:
Ուսուցողական ծրագրի նպատակն էր զարգացնել Հայաստանի ոստիկանության հասարակական կարգի պահպանմամբ զբաղվող մոտ հարյուր ավագ, միջին և կրտսեր պաշտոնյաների կարողությունները: Դասընթացի թեմաներում ներառված էին գործողությունների պլանավորում, արդյունավետ կառավարում և վերահսկողություն, միջազգային ստանդարտներին համապատասխան բանակցային հմտություններ, վտանգների և ռիսկերի գնահատում, տեղեկատվության կիրառում և հետախուզություն, օրինականություն, հաշվետվողականություն, պատասխանատվություն և թափանցիկություն, ինչպես նաև մամուլի հետ հարաբերություններ և հաղորդակցման մեթոդներ:
<<Հասարակական կարգի պահպանումը ողջ նախընտրական շրջանում և ընտրությունների օրը ընտրատեղամասերում ոստիկանության կարևոր պարտականություններից է, որը կարող է ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների անցկացման վրա>>, - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը. <<Մենք հավատացած ենք, որ արդյունավետ պլանավորումը, ինչպես նաև պատշաճ բանակցությունները ոստիկանության և ցանկացած բազմության միջև կարևոր է` ապահովելու անվտանգությունը հատկապես նախընտրական շրջանում>>:
<<Ազատ և արդար ընտրությունները կարևոր նախապայման են ԵՄ - Հայաստան հարաբերությունների զարգացման համար: Ոստիկանության դերը ընտրական գործընթացում կարևոր է` թափանցիկության և հասարակական վստահության ապահովման առումով>>, - ասաց ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
ՀՀ ոստիկանության պարեկային գնդի չորրորդ հատուկ գումարտակի զորքերի հիսունհինգ ներկայացուցիչներ, ովքեր ուղղակիորեն ներգրավված են ամբոխի կառավարման գործում, դասընթացի վերջին շաբաթվա ընթացքում գործնականում կիրառեցին ձեռքբերված գիտելիքները:
ԵԱՀԿ աջակցությամբ անցյալ տարի պատրաստված երկու ուղեցույցները` հասարակական կարգի պահպանման գործում ոստիկանության վարքագծի, ուժի կիրառման և բանակցային հմտությունների վերաբերյալ օգտագործվեցին դասընթացի ընթացքում:
Դասընթացը 1.7 մլն եվրո արժողությամբ ծրագրի մաս է կազմում` հետամուտ Հայաստանում ընտրական գործընթացների ամրապնդմանը` միջազգային ստանդարտներին համապատասխան, որն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից` ԵՄ ֆինանսավորմամբ: