ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ՀՀ ոստիկանության ծառայողներին համայնքային ոստիկանության դասընթացի վկայականներ է շնորհում
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի 2012թ. – Այսօր Երևանում տասնհինգ ոստիկաններին շնորհվեցին վկայականներ ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված համայնքային ոստիկանության վերաբերյալ ուսուցանողների վերապատրաստման ծրագրի ավարտելու կապակցությամբ:
Երեքշաբաթյա դասընթացի նպատակն էր խորացնել ոստիկանների համայնքային ոստիկանության հմտությունները:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը և ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին շնորհեցին վկայականներ: Վկայական ստացողների կազմում էին ոստիկանության ուսումնական համալիրի հինգ դասավանդող և օպերատիվ ծառայության տասը սպաներ հրամանատարական պաշտոններում:
- Հայաստանի ոստիկանության համար համայնքային ոստիկանության ծառայության վերաբերյալ վերապատրաստումն այսօրվա հրամայականներից մեկն է` մասնավորապես հաշվի առնելով այն փաստը, որ ս.թ. հունիսի 1 - ից նախատեսվում է տեղակայել համայնքային ոստիկանության համակարգ Երևանի ողջ տարածքում: Մենք հավատացած ենք, որ այս դասընթացից հետո մասնակիցները կկարողանան փոխանցել ձեռք բերված գիտելիքներն իրենց անձնակազմին և ուսանողներին, - ասաց Անդրեյ Սորոկինը:
Ծրագիրն առաջին շաբաթների ընթացքում անդրադարձավ համայնքային ոտիկանության ընդհանուր հայեցակարգին, համայնքային և ավանդական ոստիկանության տարբերություններին և քաղաքացիներին ներգրավելու մեթոդաբանությանը: Մասնակիցները քննարկեցին նաև Հայաստանում համայնքային ոստիկանության ներդրման խոչընդոտները ոստիկանության և քաղաքացիների տեսանկյուններից, ինչպես նաև դրանք հաղթահարելու ուղիները: Վերջին շաբաթվա ընթացքում մասնակիցները հանդես եկան սեփական զեկույցներով հանձնարարված թեմաների շուրջ` ներկայացնելու իրենց ձեռքբերած գիտելիքներն ու հմտությունները:
- Համայնքային ոստիկանությունը մի ուրիշ մոտեցում է համայնքներում ոստիկանական ծառայության: Ես ուրախ եմ տեսնել այնպիսի մասնակիցներ, ովքեր կարող են տարածել համայնքային ոստիկանության վերաբերյալ այս կարևոր ուղերձը: Նրանք բոլորն էլ ցուցադրել են այդ դերը ստանձնելու բոլոր հմտությունները, և ես կոչ եմ անում ՀՀ ոստիկանության ղեկավարներին և բարձրաստիճան ներկայացուցիչներին ակտիվորեն աջակցելու նրանց այդ անցումային փուլում, - հավելեց Միացյալ Թագավորությունից համայնքային ոստիկանության փորձագետ Դավիթ Այանսոնը, ով վարում էր դասընթացքը:
ԵԱՀԿ գրասենյակը տրամադրում է աջակցություն Հայաստանի ոստիկանությանը 2006 թ.-ից ի վեր` համայնքային ոստիկանության ներդրման ուղղությամբ: Այն մաս է կազմում ոստիկանության բարեփոխումների լայնածավալ ծրագրի, որի նպատակն է խթանել ժողովրդավարական ոստիկանության փորձը Հայաստանում: