ԵԱՀԿ աջակցությամբ պատրաստված հետազոտությունը եզրահանգել է Հայաստանում անչափահաս իրավախախտների համար մասնագիտական կրթության հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտության
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի 2012թ. – Այսօր Երևանում ներկայացվեց անչափահաս իրավախախտների կրթության և մասնագիտական ուսուցման մատչելիության վերաբերյալ հետազոտության արդյունքները:
“Սոցիալական արդարություն” ՀԿ-ի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ պատրաստված հետազոտությունը ներկայացնում է մի շարք առաջարկություններ` բարելավելու անչափահասների արդարադատության իրականացումը և ազատազրկված անչափահասների կրթությունը և մասնագիտական ուսուցումը:
“Կրթությունը միայն հիմնարար մարդու իրավունքներից չէ, այն նաև անչափահասների վերականգնման և նրանց ազատմանը նախապատրաստման հիմնաքարերից է: Անհրաժեշտ է մշակել համապարփակ միջոցառումներ, այդ թվում` մասնագիտական կրթության հնարավորություններ անհատական կարիքների գնահատման հիման վրա”, նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը:
“Հուսով եմ, որ այսօրվա քննարկումը հնարավորություն կընձեռնի կարծիքների փոխանակման և ազատազրկման մեջ գտնվող անչափահասների մասնագիտական կրթության հնարավորությունները բարելավելու ուղիներ գտնելու համար,” հավելեց նա:
Հետազոտությունը վերլուծում և համեմատում է ՀՀ օրենսդրությունն ու պրակտիկան միջազգային չափորոշիչների և ԵԱՀԿ մասնակից պետություններում առկա լավագույն փորձի հետ: Այն ուսումնասիրում է իրավիճակը Աբովյան քրեակատարողական հիմնարկում` միակ անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում Հայաստանում:
“Սոցիալական արդարություն” ՀԿ-ի համագումարի նախագահ Արշակ Գասպարյանը նշեց. “Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանի օրենսդրությունը և կանոնակարգերը այս ոլորտում թույլ են տալիս տրամադրելու հետևողական և համապարփակ աջակցություն: Միևնույն ժամանակ, դեռևս շատ անելիքներ կան ազատազրկված անչափահասների կրթությունն ու մասնագիտական ուսուցումը համապատասխանեցնելու քրեակատարողական համակարգից դուրս գնտվողների հնարավորություններին: Անհրաժեշտ է նաև ընդլայնել ազատազրկված անչափահասների մասնագիտական ուսուցման ընտրությունը, առաջարկելով նաև համակարգչային, օտար լեզուների, այգեգործության և այլ հմտությունների դասընթացներ:”
Հետազոտությունը իրականացվել է 2011թ. ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում: Առաջարկությունները մշակվել են պետական պաշտոնյաների, փորձագետների և անչափահաս դատապարտյալների հետ անցկացված հարցազրույցների հիման վրա:
Ուսումնասիրության էլեկտրոնային տարբերակը կարող եք գտնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի վեբ կայքում. //www.osce.org/hy/yerevan/87149