ԵԱՀԿ-ն աջակցում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մասնագիտական կարողությունների ամրապնդմանը
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի 2011թ. - Երևանի քաղաքապետարանի և քաղաքի վարչական շրջանների աշխատակազմի մոտ վաթսուն ներկայացուցիչներ այսօր վկայականներ ստացան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված` պլանավորման և վերահսկողության վերաբերյալ մեկ շաբաթյա ինտենսիվ դասընթացի մասնակցության համար:
Ռոտերդամի Էրազմուս համալսարանի Բնակարանային ապահովման և քաղաքային զարգացման ուսումնասիրությունների ինստիտուտի չորս փորձագետներ վարեցին դասընթացը նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին: Դասընթացի նպատակն էր նպաստել քաղաքային վարչարարության թափանցիկության ու արդյունավետության բարձրացմանը:
Դասընթացի մասնակիցներն ուսումնասիրեցին քաղաքային կառավարումն ու պլանավորումը, ներդրումային ծրագրերի մշակումն ու իրականացումը, քաղաքի ռազմավարական պլանավորումն ու վերահսկումը, հանրային ծառայությունների` ինչպիսիք են ջրամատակարարման և թափոնների կառավարման, տրանսպորտի, առողջապահության և կրթության, գնահատումն ու վարչարարությունը:
<<Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մասնագիտական կարողությունների ամրապնդման և լավագույն միջազգային փորձի փոխանակման միջոցով ԵԱՀԿ-ն ձգտում է նպաստել Հայաստանում արդյունավետ կառավարմանը տեղական վարչարարության մակարդակում>>, - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան:
Ծրագրի շրջանակներում գրասենյակը նաև վարձել է քաղաքային կառավարման միջազգային խորհրդատու, ով աշխատել է քաղաքապետարանի աշխատակիցների հետ 2011թ. ապրիլից մինչև հունիս` բարելավելու կառավարման ներքին մեխանիզմները:
Գրասենյակը նաև հովանավորել է Երևանի քաղաքապետարանի միջին կարգի վեց քաղ.ծառայողների մեկ շաբաթյա ուսումնական այցը Վիեննա` ավստրիական գործընկերների հետ փոխանակելու հանրային տրանսպորտի և բնակարանային սոցիալական ապահովման, ինչպես նաև քաղաքի համայնքների զարգացման փորձը:
Գրասենյակը նախաձեռնել է ծրագիրը 2010 թ.` աջակցելու Երևանի քաղաքապետարանի կարողությունների զարգացմանը Երևանի ավագանու առաջին ընտրություններից հետո: