Հայտարարվել են մարդու իրավունքների մասին ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված մրցույթի հաղթողները
ԵՐԵՎԱՆ, 24 Նոյեմբերի 2011թ. Այսօր Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված` մարդու իրավունքների թեմայի շուրջ մրցույթի ժամանակ պարգևատրվեցին հաղթող ճանաչված վեց դպրոցականներ Երևանից:
Մոտ հիսուն աշակերտ Երևանի ութ դպրոցից մասնակցել է ինտերակտիվ խաղին, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և <<Ինտելեկտուալ խաղերի երևանյան ակումբ>> ՀԿ–ի կողմից` բարձրացնելու իրազեկությունը մարդու իրավունքների մասին` հիմնվելով պետական կրթական ծրագրի վրա:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը խրախուսեց երիտասարդներին ընդլայնել իրենց գիտելիքները մարդու իրավունքների մասին. <<Կարևոր է, որ մարդու իրավունքների մասին ուսուցումն արդեն ընդգրկված է Հայաստանի դպրոցների ուսումնական ծրագրում: Մարդու իրավունքների կրթությունը մասնավորապես անդրադառնում է սոցիալական այն նպատակներին և գաղափարներին, որոնք կարևորում են բոլոր մարդկանց արժանապատվությունը և ուղղակիորեն նպաստում ազատության, խաղաղության և արդարության վրա հիմնված հասարակության կայացմանը>>. – դիմելով աշակերտներին` նա հավելեց. <<Հուսով ենք, որ այսօրվա նախաձեռնությունը կոգեշնչի ձեզ ավելի շատ գիտելիքներ ձեռք բերելու մարդու իրավունքների մասին` խթանելու ժողովրդավարությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը>>:
Բոլոր մասնակիցները ստացան վկայականներ, իսկ հաղթող թիմը պարգևատրվեց էլեկտրոնային գրքերով և գավաթներով:
<<Ինտելեկտուալ խաղերի երևանյան ակումբ>> ՀԿ–ի նախագահ Եվա Մախմուրյանը հավելեց. <<Սա գերազանց հնարավորություն էր խրախուսելու ինտերակտիվ ուսուցում կարևոր թեմայի շուրջ>>:
Հայաստանի կրթության և գիտության նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները ողջունեցին նախաձեռնությունը: Նախքան միջոցառումը` դպրոցականներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և Սահմանադրական դատարան` ընդլայնելու իրենց գիտելիքները մարդու իրավունքների հաստատությունների և շրջանակների մասին:
Նախաձեռնությունը ԵԱՀԿ մարդու իրավունքների մասին իրազեկման խթանմանն ուղղված ջանքերի մաս է կազմում: