ԵԱՀԿ-ն կազմակերպում է քննարկում նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագծի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, նոյեմբերի 15, 2011 – Այսօր Երևանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված փորձագիտական քննարկումը նվիրված էր ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագծի տեսական և գործնական խնդիրներին:
Միջոցառումը կազմակերպել էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը ՀՀ Սահմանադրական դատարանի, արդարադատության նախարարության և Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ:
“Այսօրվա քննարկումը առաջինն է մի շարք միջոցառումներից, որոնց նպատակն է մանրակրկիտ ուսումնասիրել նախագիծը և քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկցությունները, այդ թվում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, իրավաբանների, դատավորների և գիտնականների”, ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան: “Մենք աջակցել ենք Հայաստանի իշխանություններին և աշխատանքային խմբին նախագծի մշակման գործընթացում ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ հետ սերտ համագործակցությամբ”:
Օրենսգրքի հիմնական մասը պատրաստվել է աշխատանքային խմբի կողմից, որ ստեղծվել է ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ: Խմբին հանձնարարված էր հաշվի առնել 2008թ. հետընտրական բռնության հետ առնչվող դատավարությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացված առաջարկությունները: 2010 թ. նոյեմբերին ԺՀՄԻԳ-ը ներկայացրել էր իր փորձագիտական կարծիքը նոր քրեական դատավարության օրենսգրքի հայեցակարգի վերաբերյալ: ԺՀՄԻԳ-ի փորձագետը աջակցել է աշխատանքային խմբին նախագծի մշակման գործում:
Աշխատանքային խմբի ղեկավար, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս Հրայր Ղուկասյանը, հավելեց. “Մեր խմբի գործունեության հիմնական սկզբունքներից է թափանցիկությունը: Դա նշանակում է շարունակական քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի հետ, լսել նրանց կարծիքները և ընդունել քննադատությունը: Մենք հաշվի կառնենք բոլոր այն առաջարկությունները, որոնք կհնչեն այսօրվա և գալիք քննարկումների ժամանակ: Այն արժեքավոր ներդրում կլինի օրենսգրքի մշակման գործում”:
ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգիրքը ընդունվել է 1998 թ.: