ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է Հայաստանում զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության վերաբերյալ ժողովածուի հրատարակմանը
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի 2011թ. – Այսօր Երևանում հանրությանը ներկայացվեց անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների վերաբերյալ ԵԱՀԿ վարքագծի կանոնագրքին նվիրված հոդվածների ժողովածուն, որում նաև ամփոփված են կանոնագրքի պատմությունն ու քաղաքական համատեքստը, կանոնագրքի իրականացման փորձը Հայաստանում և այլ երկրներում:
Ժողովածուն ներկայացնում է անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ամբողջական պատկերը` ՀՀ պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, ինչպես նաև այլ հաստատությունների, այդ թվում` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Երևանի պետական համալսարանի փորձագետների տեսանկյունից: ժողովածուն լույս է տեսել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների վերաբերյալ ԵԱՀԿ վարքագծի կանոնագիրքը անվտանգության համաշխարհային մարտահրավերները լուծելու ԵԱՀԿ հիմնական մեխանիզմներից մեկն է: Այն ընդունվել է 1994թ. և շարունակում է մնալ եզակի փաստաթուղթ, որի նպատակն է կարգավորել զինված ուժերի դերը ժողովրդավարական հասարակություններում: Այն նաև պարտավորեցնում է ԵԱՀԿ մասնակից պետություններին` մշակելու իրենց զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության համապարփակ մեխանիզմ` ներառյալ ռազմական, ռազմականացված և անվտանգության ուժերի, հետախուզական ծառայությունների և ոստիկանության համակարգերի:
<<Առանց արդյունավետ ժողովրդավարական քաղաքացիական վերահսկողության և անվտանգության ոլորտի ինստիտուտների կառավարման, չի կարող լինել անվտանգության բնագավառում էական առաջընթաց>>, - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուն. <<Հուսով եմ, որ այս նոր հրատարակությունը կբարձրացնի քաղաքացիական հասարակության, գիտնականների և քաղաքականություն մշակողների հետաքրքրությունը անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության տարբեր համակարգերի և վերահսկողության մարմինների գործունեության մեխանիզմների նկատմամբ` միջազգային և հայաստանյան տեսանկյուններից>>:
«Ժողովածուի մշակման գաղափարը ծագել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ԱՌՀԻ-ի գործնական շփումների ընթացքում», - նշեց ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ԱՌՀԻ-ի “Հայկական բանակ” ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ Վարուժան Ավետիսյանը: «Ժողովածուն համահունչ է ՀՀ-ում իրագործվող պաշտպանական բարեփոխումների նպատակներին և ռազմական ոլորտում ժողովրդավարության հզորացման գործընթացին: Ժողովածուի մեջ ներառված մշակումներում ժողովրդավարական արժեհամակարգի և ժամանակակից իրավական պարամետրների տեսակետից վերլուծության և վերաիմաստավորման են ենթարկվում ՀՀ զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության, պաշտպանական ոլորտի կառավարման, ֆինանսական, տեղեկատվական և այլ համակարգերը, ներկայացվում են դրանց հայեցակարգային, օրենսդրական և կազմակերպական կատարելագործման վերաբերյալ համալիր առաջարկություններ»:
Ժողովածուի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է` //www.osce.org/hy/yerevan/84944
Հավելյալ տեղեկատվության համար դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային կապերով պատասխանատու Գոհար Ավագյանին, 229610/11/12, ներք. 5406, բջջ. 091436389: