ԵԱՀԿ - ն աջակցում է մարդու իրավունքների դասընթացների կազմակերպմանը Հայաստանի իրավապաշտպանների համար
Ծաղկաձոր, Հայաստան, 11 նոյեմբերի 2011թ. - Այսօր Հայաստանում ավարտված եռօրյա դասընթացի նպատակը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների` մարդու իրավունքների մասին գիտելիքների ու մշտադիտարկման կարողությունների ամրապնդումն էր:
Ծրագիրը կազմակերպվել է <<Հայաստանի հելսինկյան կոմիտե>> հասարակական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Քաղաքացիական հասարակության երեք խումբ ներկայումս մշտադիտարկում է Հայաստանի փակ, կիսափակ և բաց հաստատությունները: Հասարակական մի խումբը դիտարկում է մարդու իրավունքների իրավիճակը քրեակատարողական հաստատություններում, մյուսն այցելություններ է իրականացնում ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրեր, իսկ երրորդը` ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ: Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի` որպես ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության Ազգային կանխարգելիչ մեխանիզմի փորձագիտական խորհրդի, որը ներառում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, անդամները նույնպես մասնակցեցին դասընթացին:
<<Այս դասընթացը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դիտորդական կարողությունների ամրապնդմանն ուղղված մեր ջանքերի մաս է կազմում: Հուսով ենք, որ ծրագիրն կնպաստի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների իրավաբանական փորձագիտությունը և կարողությունները կատարելագործելուն, որոնք անհրաժեշտ են մարդու իրավունքների պաշտպանության համար>>, - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը:
<<Ի նկատի ունենալով այն փաստը, որ Հայաստանում գործում են մի շարք մարդու իրավունքների դիտորդական խմբեր, որոնց անդամներն ընտրվում են ռոտացիոն սկզբունքով` ակնհայտորեն առկա է այլ հասարակական կազմակերպությոևնների անդամներին վերապատրաստելու անհրաժեշտություն, ովքեր կարող են ներգրավվել մարդու իրավունքների և խոշտանգումների կանխարգելման սույն մեխանիզմներում>>, - ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
<<Այս դասընթացը նպատակ ունի նաև խթանել այս խմբերի համագործակցությունը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ կազմակերպություններին և իրավապաշտպաններին ծանոթացնել խմբերի գործունեությանը>>, - հավելեց նա:
Հասարակական կազմակերպությունների մոտ քսան անդամներ մասնակցեցին այս դասընթացին, որի թեմաների էին` մարդու իրավունքների միջազգային չափորոշիչները` մասնավորապես ազատազրկված անձանց հետ վարվեցողության կանոնները, ՀՀ օրենսդրական դաշտը, մարդու իրավունքների դիտորդական մարմիններն ու մեթոդները: Նիստերը ներառում էին տեղեկատվության ազատության և տվյալների հավաքագրման, օրենսդրական վերլուծության, մշտադիտարկման, հարցազրույցների, հաշվետվության մշակման և շահերի պաշտպանության թեմաներ:
Միջոցառումը հաջորդում է ս.թ. հոկտեմբերին ԵԱՀԿ կողմից` այս դիտորդական խմբերի և այլ հասարակական կազմակերպություններից պոտենցիալ անդամների համար կազմակերպված նման դասընթացի, որին մասնակցում էր Բուլղարիայի հելսինկյան կոմիտեի նախագահը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խորհրդականը: