ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված` անչափահասների գործերով դատավարությունների դիտարկման արդյունքների քննարկում Երևանում
ԵՐԵՎԱՆ, 1 Նոյեմբերի 2011թ. – Այսօր Երևանում ներկայացվեց և քննարկվեց անչափահաս ամբաստանյալների գործերով դատավարությունների մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ զեկույցը:
Զեկույցը անդրադառնում է թվով քառասունհինգ գործի, որոնցում որպես ամբաստանյալներ ներգրավված են անչափահասները: Այն նաև վերլուծում է ՀՀ օրենսդրությունն ու պրակտիկան, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների համագործակցությունը` անչափահասների արդարադատության համակարգի կատարելագործման ճանապարհին ընկած բացերը բացահայտելու և առաջարկություններ ներկայացնելու համար: Ծրագիրն իրականացվել է <<Քաղաքացիական հասարակության ինստիտուտ>> հասարակական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Վլադիմիր Չունտուլովը նշեց. <<Իրավախախտ երեխաները, կարիք ունեն պաշտպանվածության և ոչ միայն կառավարության կողմից, այլ նաև ողջ հասարակության: Կանխարգելմանը զուգահեռ` պետք է լինի ազատազրկմանը այլընտրանք առաջարկող քաղաքականություն: Մենք հույս ենք տածում, որ այս զեկույցը օգտակար և գործնական նշանակություն կունենա մեր հայ գործընկերների համար` համատեղելու և կրկնապատկելու իրենց ջանքերն` ուղղված երեխաների իրավունքների ու լավագույն շահերի պաշտպանության ամրապնդմանը:
Մասնակիցները նաև քննարկեցին <<Անչափահասների գործերով արդարադատությունը Հայաստանում. օրենքի հետ կոնֆլիկտ ունեցած անչափահասների տեսակետների>> վերաբերյալ հետազոտությունը, որն իրականացվել է <<Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ>> ՀԿ-ի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Հետազոտության նպատակն է նպաստել երեխաների մասնակցությանը և գնահատել անչափահասների արդարադատության համակարգը երեխաների տեսանկյունից: Այն հանդիսանում է ՄԱԿ-Ի մանկական հիմնադրամի (UNICEF) հովանավորությամբ իրականացված`<<Հայաստանում անչափահասների գործերով արդարադատության ոլորտի բարեփոխման ձեռքբերումների գնահատման>> վերաբերյալ հետազոտության մաս (//www.osce.org/hy/yerevan/84570):
<<Քաղաքացիական հասարակության ինստիտուտ>> ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը հավելեց. <<Անչափահասների հանցավորությունը Հայաստանում բավականին ցածր է` համեմատած շատ այլ երկրների հետ, այնուամենայնիվ դեռևս անհրաժեշտ է ունենալ անչափահասների արդարադատության համակարգ, որտեղ երիտասարդ իրավախախտ երիտասարդների նկատմամբ այլ մոտեցում է կիրառվում: Անհրաժեշտ է ունենալ հատուկ դատավորներ, քննիչներ, մասնագետներ դատական վարույթների ընթացքում. սա մի համակարգ է, որը երկար ժամանակ կիրառվում է այլ երկրներում և արդյունավետ է համարվել>>:
Միջոցառմանը մասնակցեցին դատական իշխանության, Գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, փաստաբաններ:
Դիտարկումն իրականացվել է Հայաստանի երեք քաղաքներում` Երևանում, Վանաձորում և Գյումրիում: Ծրագրի շրջանակներում գրասենյակը նաև աջակցել է թեժ գծի աշխատանքին, որը անվճար իրավաբանական խորհրդատվություն էր տրամադրում քաղաքացիներին, այդ թվում` անչափահասներին և նրանց հարազատներին:
Զեկույցի Էլեկտրոնային տարբերակը տեղադրված է` //www.osce.org/hy/yerevan/84568 :
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային կապերով պատասխանատու Գոհար Ավագյանին, հետևյալ հեռախոսահամարներով` 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5406, բջջ.` (091) 436389: