ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանի փաստաբանների և դատավորների համար` արտահայտվելու ազատության թեմայով սեմինարի անցկացմանը
ԵՐԵՎԱՆ, 1-ը նոյեմբերի, 2011 թ..: Այսօր Երևանում մեկնարկեցին փաստաբանների և դատավորների համար նախատեսված երկու սեմինարները, որոնց նպատակը արտահայտվելու ազատության առավել բարձր պաշտպանությունը խթանելն է:
Միջոցառման կազմակերպման անհրաժեշտությունը պայմանավորված է հայաստանյան լրատվամիջոցների և լրագրողների դեմ` վիրավորանքի և զրպարտանքի մասով հարուցվող դատական գործերի թվի աճով: Սեմինարների նպատակն է բարձրացնել հայաստանյան փաստաբանների և դատավորների իրազեկությունը արտահայտվելու ազատության իրավունքին վերաբերող միջազգային չափանիշների վերաբերյալ, ինչը թույլ կտա բարելավելու այդ իրավունքի կիրառումը Հայաստանում: Քննարկումները կենտրոնանալու են այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են` զրպարտությունն ու վիրավորանքը, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, դատական նիստերի լուսաբանումը և արտահայտվելու ազատության իրավունքի կարգավորումը ընտրությունների համատեքստում:
Սեմինարներն անցկացվում են խոսքի ազատության ոլորտում հայտնի միջազգային «ARTICLE 19» կազմակերպության ավագ իրավաբան Բոյկո Բոևի, Մեծ Բրիտանիայից ժամանած բարձրաստիճան փաստաբան Գևին Միլլերի կողմից՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) հասարակական կազմակերպության իրավաբանների թիմի հետ համատեղ:
Դիմելով միջոցառման մասնակիցներին` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ, Կարել Հոֆստրան նշեց. «2010 թ. մայիսին Հայաստանում զրպարտության ապաքրեականացումը նշանակալի քայլ էր խոսքի ազատության խթանման գործում: Սակայն, օրենքի կիրառումը ցույց տվեց, որ ավելին պետք է արվի ազատ արտահայտվելու իրավունքի ավելի արդյունավետ դատական պաշտպանության հասնելու համար. սա է ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված սեմինարների նպատակը:»
«Հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող տեղեկությունների և գաղափարների ազատ հոսքի սահմանափակման ցանկացած փորձ պետք է մանրազնին քննության արժանանա դատարանների կողմից»,-նշեց Մեծ Բրիտանիայի փորձագետ Գևին Միլլերը: «Խոսքի նկատմամբ միջամտությունը թույլատրելի է միայն այն դեպքերում, երբ համոզիչ կերպով հաստատվել է այդ անելու հրատապ հասարակական կարիքը: Բոլոր տեսակի պատժամիջոցները պետք է լինեն համաչափ: Հուսով եմ, որ սեմինարները իրավաբաններին ու դատավորներին կօգնեն լիարժեքորեն հասկանալ այս կարևոր սկզբունքները և կարողանալ գործնականում կիրառել դրանք հայաստանյան դատարաններում»:
«ARTICLE 19»-ից Բոյկո Բոևը նշեց. «Իրավաբաններն ու դատավորներն առանցքային դերակատարում ունեն մի հասարակությունում, որը ղեկավարվում է օրենքներով: Երբ մարդուն զրպարտում են, նա իր հեղինակության պաշտպանության համար դիմում է իրավաբանի և դատավորի: Նույն կերպ նաև լրագրողներին են պետք կոմպետենտ և անկախ իրավաբաններ և դատավորներ՝ պաշտպանելու իրենց արտահայտվելու ազատությունը»: Նա հավելեց, որ միջոցառման մասնակիցները կքննարկեն, թե ինչպես հավասարակշռություն ապահովել այնպիսի հակադիր շահերի միջև, ինչպիսիք են հեղինակությունը և խոսքը, և նպաստել իրավական երաշխիքների առավել արդյունավետ կիրառությանը հանուն ազատ ու անկախ լրատվամիջոցների:
Սեմինարը կազմակերպել է «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) հասարակական կազմակերպությունը՝ ԵԱՀԿ-ի Երևանի գրասենյակի, ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերի ներկայացուցչի գրասենյակի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն, CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչության օժանդակությամբ:
Սեմինարը ԵԱՀԿ աջակցությամբ վերջին շրջանում իրականացվող երրորդ կարևոր միջոցառումն է՝ ուղղված Հայաստանում արտահայտվելու ազատության պաշտպանության մակարդակի բարձրացմանը: Այս սեմինարից առաջ նմանատիպ մել այլ սեմինար կազմակերպվել էր լրագրողների համար: Ներկայացվել էր նաև www.ela.am կայքը, որն իրենից օգտակար շտեմարան է ներկայացնում արտահայտվելու ազատության իրավունքի վերաբերյալ՝ ներառելով մի շարք նյութեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ավելի քան 60 նախադեպերի սեղմագրերը հայերեն: