ԵԱՀԿ աջակցությամբ հակակոռուպցիոն կարգախոսի մրցույթ Երևանում
ԵՐԵՎԱՆ, 9 Սեպտեմբերի 2011թ. – Այսօր Երևանում պարգևատրվեցին երիտասարդներին հակակոռուպցիոն նախաձեռնություններում ներգրավող մրցույթի հաղթողները:
Մրցույթը կազմակերպվել էր ԵԱՀԿ հակակոռուպցիոն ուսանողական աշխատանքային խմբի կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և <<Կոկա Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա>> ՓԲԸ աջակցությամբ: Այն օգնեց բարձրացնել հասարակության իրազեկությունը` բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի մասին և օգնեց խմբին ընտրել <<Գնելով կրթությունդ` վաճառում ես ապագադ>> կարգախոսը, որն օգտագործվելու է խմբի հետագա քարոզչական գործունեությունում:
<<Թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բարձրագույն հաստատություններում կարևոր են` ապահովելու կրթության որակը: Միայն ներգրավված բոլոր կողմերի ` այդ թվում բուհերի, ուսանողների և հասարակության ջանքերը` կարող են դարձնել կոռուպցիայի դեմ պայքարը ավելի արդյունավետ: Հաղթող կարգախոսը բացահայտորեն արտոցում է այն մտահոգությունը, որ կրթության որակի վատթարացումը կոռուպցիայի հետևանքով խիստ բացասական ազդեցություն է ունենում ուսանողների և հանրության վրա>>, - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրան:
Մրցույթը հայտարարվել էր 2011 թվականի հուլիսին, և ներկայացվել էր տասնութ առաջարկություն: Խումբն ընտրեց ութ կարգախոս, որոնք տեղադրվեցին հանրային քվեարկության խմբի ֆեյսբուքյան էջում:
<<Այսօրվա երիտասարդությունը պետք է ավելի ակտիվ և տեղեկացված լինի, որպեսզի կարողանա պաշտպանել իր իրավունքները, որոնցից մեկն է` ստանալ որակյալ կրթություն: Իմ կարծիքով, այս փուլում շատ կարևոր է քննարկել կոռուպցիոն ռիսկերը, ցույց տալ օրինակներ, թե ինչպես կարելի է դրանցից խուսափել` այն, ինչ անում ենք: Փոխել կարծրատիպերը, մտածելակերպը դժվար է և կարող է մի քանի տարի պահանջել, բայց մենք պետք է սկսենք գործել>>, - ասաց ԵԱՀԿ հակակոռուպցիոն ուսանողական աշխատանքային խմբի հիմնադիր անդամ Լարիսա Ասլանյանը:
Առաջին մրցանակակիր Հայկ Տոնապետյանը Գյումրիից պարգևատրվեց նեթբուքով, երկրորդ մրցանակակիր Մանե Մարտիրյանը ստացավ DVD և երրորդ մրցանակակիր Հայկազ Բագրատյանը ստացավ թվային ֆոտոխցիկ: Առաջին փուլի բոլոր մասնակիցները ստացան նվերներ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և <<Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա>> ընկերության կողմից:
<Մեր ընկերությունը հետևում է ՄԱԿ-ի գլոբալ կոմպակտի սկզբունքին. բիզնեսը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ բոլոր իր դրսևորումներով և երիտասարդների ներգրավումը այս գործում հաջողության գրավականն է,> ասաց «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության հասարակական գործերի և հաղորդակցության տնօրեն Արա Բրուտյանը:
ԵԱՀԿ հակակոռուպցիոն ուսանողական աշխատանքային խումբը հիմնադրվել է 2009թ. - ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից` խթանելու Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ամբողջականությունն ու թափանցիկությունը: Խմբի նպատակն է բարձրացնել իրազեկությունը ուսանողների շրջանում և կազմակերպել քննարկումներ բուհերում կոռուպցիայի մասին, ինչպես նաև խրախուսել ուսանողներին` մասնակցելու կոռուպցիոն երևույթների ակտիվ դիտորդմանը: Խմբի գործունեության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ձեռք բերել Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետևյալ էջում` http://www.facebook.com/ASAC.group: