ԵԱՀԿ գրասենյակը աջակցում է կրոնական ազատությունների վերաբերյալ նոր օրենսդրական փաթեթի հանրային քննարկմանը
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի 2011թ. – ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ այսօր կազմակերպվեց կրոնական ազատությունների մասին նոր օրենքի հանրային քննարկումը:
ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված <Խղճի և կրոնական ազատությունների մասին> օրենքի նախագծի և այլ օրենքներում առնչվող փոփոխությունների փաթեթի քննարկմանը մասնակցեց կրոնական կազմակերպությունների և համայնքների, ՀՀ ազգային ժողովի, քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության մոտ 60 ներկայացուցիչներ:
Օրենքի և հարակից օրենսդրական փոփոխությունների նախագծի նպատակն է համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին` հստակեցնելով հոգևորսության եզրույթի սահմանումը, ինչպես նաև ամրագրելով կրոնական կազմակերպությունների գրանցման պահանջները, իրենց իրավունքները և պարտավորությունները:
<Միջոցառումը հնարավորություն տվեց օրենքով հետաքրքրված բոլոր կողմերին քննարկել օրենքի դրույթները և ներկայացնել իրենց առաջարկությունները,> ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:
Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ ժողովրդավրական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը/ԺՀՄԻԳ/ վերլուծել էին նախորդ փոփոխությունների փաթեթները և պատրաստվում են ներկայացնել իրենց փորձագիտական եզրակացությունը նոր մշակված փաթեթի վերաբերյալ, որը կընդգրկի այօրվա քննարկման արդյունքները:
<Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանեցվել են ՀՀ Սահմանադրության, <Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին> կոնվենցիայի պահանջներին, ինչպես նաև Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկին օրինագծերի վերաբերյալ ներկայացված ուղենիշներին>, նշեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը աջակցել է Հայաստանին կրոնի կամ համոզմունքի ազատության ոլորտում օրենսդրական բարեփոխումների գործընթացին 2009 թ.-ից: Այս տարի գրասենյակի աջակցությամբ կազմակերպվեց լրագրողների համար սեմինար, որն ուղղված էր կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերի լուսաբանման բարելավմանը: