Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարումը` ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված միջազգային համաժողովի առանցքում
Երևան, 27 մայիսի 2011 թ. – Այսօր Երևանում կազմակերպված միջազգային համաժողովի թեման էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի /ՄԻԵԴ/ Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարման ընթացքը` ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված իրավիճակի վերլուծության համատեքստում: Զեկույցում ներկայացված են ՀՀ փաստաբանների պալատի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները, որին աջակցել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:
Միջոցառումը կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ փաստաբանների պալատը` Եվրոպայի խորհրդի և ՀՀ սահմանադրական դատարանի համագործակցությամբ:
“ԵԱՀԿ-ն շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին օրենքի գերակայության հզորացման և հանձնառությունների կատարման հարցերում: ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ այս առաջին ուսումնասիրությունը շատ կարևոր է ոչ միայն մարդու իրավունքների վերաբերյալ անհատական դեպքերի տեսանկյունից, այլ նաև Հայաստանի իրավական զարգացման համատեքստում”, նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրան: “Զեկույցը պարունակում է առանձին գործերի հստակ նկարագրումը և դատարանի վճիռները կատարելու վերաբերյալ առաջարկությունները:”
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հավելեց. “Մեր աշխատանքի վերջնական արդյունքը մարդն է. կա պետություն, որը պարտավոր է ապահովել և երաշխավորել իրավունքները: ՄԻԵԴ-ը կարող է իր առաքելությունը արդյունավետ իրականացնել մի դեպքում, երբ ազգային համակարգերը արդյունավետ են գործում: Եթե առկա է գոնե մեկ խախտում, դա արդեն ահազանգ է, որ կան խնդիրներին, որոնց պետք է անդրադառնալ:”
Մոնիթորինգի շրջանակներում փորձ է արվել ուսումնասիրել Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման վիճակն ու ընթացքը, ստուգել ներպետական ատյանների ակտերի վերանայման ընթացակարգերի համապատասխանությունը Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի դրույթներին, հայտնաբերել օրենսդրական ու կազմակերպական թերությունները և մշակել դրանց բարելավման համար անհրաժեշտ առաջարկությունները: Ուսումնասիրությունը ընդգրկում է մինչև 2010 թ. դեկտեմբեր ՄԻԵԴ կողմից Հայաստանի վերաբերյալ կայացված վճիռները /25 վճիռ/:
Համաժողովին մասնակցեցին գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների ներկայացուցիչներ, ՄԻԵԴ դատարանի դատավոր Ա.Գյուլումյանը, միջազգային փորձագետներ, ՀՀ փաստաբանների պալատի անդամներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Ինչպես նշեց հեղինակային խմբի անդամ, փորձագետ Արտակ Զեյնալյանը. “Մեկ հրատարակության մեջ ներառել ենք Հայաստանի մասնակցությամբ ՄԻԵԴ կողմից կայացված բոլոր վճիռների հիմքում ընկած փաստերի համառոտ շարադրանքը, Եվրոպական դատարանի որոշումները, ԵԽ Նախարարների կոմիտեում տվյալ գործով վճռի կատարման վերահսկողության վարույթի ընթացքը: Մոնիթորինգի արդյունքում բացահայտված վճիռների կատարման ոչ բավարար վիճակը անհրաժեշտություն է առաջացնում իրականացնել օրենսդրական շարունակական կատարելագործում, կրթական ծրագրեր, բացահայտել և վերացնել պատճառները, որոնք խոչընդոտում են ՄԻԵԴ լիարժեք կատարումը:”
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային տեղեկատվության հարցերով օգնական Գայանե Տեր-Ստեփանյանին հետևյալ հեռախոսահամարներով` 229610/11/12, ներքինը` 5407, բջջ. 091 012603: