ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ Օրհուս կոնվենցիայի շուրջ համաժողով Հայաստանում
Օրհուսի կոնվենցիայի ընդունման ու վավերացման տասնամյակի կապակցությամբ մայիսի 20-ին կլոր սեղան - քննարկում կազմակերպվեց Երևանում` գնահատելու կիրառման առաջընթացը Հայաստանում: Միջոցառումը կազմակերպել էին «Թրանսփերնսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» և «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը նշեց. «Հաշվի առնելով Օրհուսի կոնվենցիայի նշանակությունը քաղաքացիների` բնապահպանական տեղեկատվության, արդարադատության մատչելիության և բնապահպանական որոշումների կայացման գործընթացում մասնակցության իրավունքների ապահովման տեսանկյունից` ԵԱՀԿ-ն մեծապես նպաստել է դրա խթանմանը Հայաստանում` Օրհուս կենտրոնների ակտիվ ցանցի ներդրմամբ երկրի ողջ տարածքում: Վերջինս տրամադրում է գործնական հարթակ` կոնվենցիայի սկզբունքների իրականացման համար»:
Քաղաքացիական հասարակության, պետական հաստատությունների, միջազգային և դիվանագիտական կառույցների, Օրհուս կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչները մասնակցեցին քննարկմանը: Ակնկալվում է, որ պատրաստվելու է ամփոփիչ փաստաթուղթ միջոցառման վերաբերյալ, որը կներառի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տեսակետները և հետագա առաջարկությունները:
ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կոնվենցիան` տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացման գործում հասարակության մասնակցության և բնապահպանական խնդիրների շուրջ արդարադատության մատչելիության մասին, որը նաև հայտնի է որպես Օրհուսի կոնվենցիա, հանդիսանում է կարևոր միջազգային պայմանագիր, որը համակցում է բնապահպանական հարցերը, մարդու իրավունքները, կառավարության հաշվետվողականությունը և շրջակա միջավայրի պաշտպանությունը: