ԵԱՀԿ աջակցությամբ` Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման մասին հրատարակությունների շնորհանդես
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի 2011 թ - Այսօր Երևանում տեղի ունեցավ ԵԱՀԿ աջակցությամբ լույս տեսած` «Հայաստանի քաղաքացիական հասարակություն. անցումային փուլից դեպի համախմբում» խորագրով հրատարակությունների շնորհանդես` հետումուտ նպաստելու քաղաքացիական հասարակության զարգացմանը Հայաստանում:
Վերլուծական զեկույցն ու քաղաքական գործողությունների համառոտագիրը պատրաստվել են Քաունթերփարթ ինթերնեշնլ ոչ կառավարական կազմակերպության կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Հրատարակությունները պատրաստվել են CIVICUS Քաղաքացիական մասնակցության համաշխարհային միավորման` «Քաղաքացիական Հասարակության Ինդեքս» ծրագրի շրջանակներում` վերլուծելու քաղաքացիական հասարակության զարգացման սոցիալ-քաղաքական ու մշակութային միջավայրը, ինքնակառավարման ձևերը, փոխգործակցության մեխանիզմներն ու ոչ կառավարական հատվածի ներգործությունը Հայաստանի քաղաքացիների կյանքի վրա:
Հրատարակությունները տրամադրում են քաղաքացիական հասարակության հիմնական հարթությունների, առանցքային դերակատարների, ուժեղ և թույլ կողմերի համապարփակ գնահատական, ինչպես նաև առաջարկում են հետագա ուժեղացման ուղիներ: Հետազոտությունը դիտարկում է միջավայրը, որում գործում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ներգրավվածության ծավալը և ներքին կառուցվածքի, ռեսուրսների, հաղորդակցության և քաղաքացիական հասարակության տարբեր դերակատարների միջև գործակցության ձևերը, նաև դրանց ազդեցությունը:
«Քաղաքացիական հասարակությունն ունի առավելապես կարևոր դեր ժողովրդավարական կառավարման և զարգացման գործում», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեսպան Սերգեյ Կապինոսը. «Հրատարակություններում զետեղված գնահատումը կծառայի որպես կիրառական գործիք պետության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար` ժողովրդավարության խթանման իրենց շարունակական ջանքերում»:
Քաունթերփարթ ինթերնեշնլի փոխնախագահ, հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ալեքս Սարդարը նշեց. «Ուժեղ քաղաքացիական հասարակությունը և օրենքի գերակայությունը կայուն զարգացման հիմնասյուներից են: Կարևոր է բացահայտել հասարակական կազմակերպությունների և այլ կամավոր կառույցների մարդկային ներուժը` ձևավորելու մասնակցային ուժեղ հասարակություն»:
Հրատարակություններում ներկայացված առաջարկությունները ներառում են քաղաքացիական ներգրավվածության բարձրացում` ավելի բարձր տեսանելիության, կրթության և ուժեղացված փոխգործակցության միջոցով, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների թափանցիկության և ներքին ժողովրդավարական գործընթացների խթանում, սոցիալական կապիտալի, համագործակցության մեխանիզմների, ինստիտուցիոնալ կարողությունների ու ֆինանսական կայունության զարգացում, անդրադարձ հանրային կառավարման մարտահրավերներին, նաև առաջարկում նպաստել սոցիալական կորպորատիվ պատասխանատվության նախաձեռնություններին, ուժեղացնել կապերը հայկական սփյուռքի հետ:
«Քաղաքացիական Հասարակության Ինդեքս»-ը մասնակցային ձևաչափով կարիքների գնահատման և միջոցառումների պլանավորման գործիք է, որ կիրառվում է ամբողջ աշխարհում` հետամուտ քաղաքացիական հասարակության ներուժի և կայունության հզորացման, սոցիալական դրական փոփոխությունների խթանման:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել Գայանե Տեր- Ստեփանյանին հետևյալ հեռախոսահամարներով` 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5407, բջջ.` (091) 012603: