Միջազգային հակակոռուպցիոն օրվա կապակցությամբ՝ մրցանակաբաշխություն և բանավեճ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ
Միջազգային հակակոռուպցիոն օրվա առթիվ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին Երևանում կայացավ հակակոռուպցիոն համաժողով՝ խթանելու իրավունքի գերակայությունն ու հաշվետվողականությունը, և ամենամյա մրցանակաբաշխություն՝ գնահատանքն արտահայտելու գործարարներին, քաղաքացիական ակտիվիստներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ կոռուպցիայի դեմ պայքարում ջանքերի համար:
Միջոցառումներին մասնակցեցին շուրջ 100 ներկայացուցիչներ պետական կառույցներից, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպություններից: Միջոցառումները կազմակերպվել էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից՝ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, քաղաքացիական հասարակության հակակոռուպցիոն կալիցիայի և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:
Հակակոռուպցիոն համաժողովի ուշադրության կենտրոնում էին պետական կառույցների և քաղաքացիական հասարակության հետագա համագործակցության ուղղությամբ ջանքերն ու հեռանկարները, ինչպես նաև կառավարության Հակակոռուպցիոն խորհրդի հետ գործակցությունը:
«ԵԱՀԿ երևանյան գրասենյակը մեծ կարևորություն է տալիս հակակոռուպցիոն նախաձեռնությունների իրագործմանը և պետության ու քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերի խթանմանը՝ Հայաստանում արդյունավետ և հաշվետու կառավարման առաջընթացին ու կոռուպցիայի կրճատմանը հետամուտ», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Դեյվիդ Գուլլետտը:
Մրցանակաբաշխության արարողության ժամանակ գնահատանքի արժանացան՝
- Գևորգ Բեգլարյանը, ով ճանաչվեց «Տարվա քաղաքացի»՝ հանրային ծառայությունների վարչարարության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի իր հաջող ջանքերի համար.
- «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Գրիգորյանը՝ Հայաստանում կոռուպցիոն խնդիրներն ակտիվ լուսաբանելու համար.
- «Արմակադ» ընկերության նախագահ Խաչիկ Գևորգյանը բարձր գնահատանքի արժանացավ գործարար միջավայրում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու և արտահանմանն կանոնակարգերը հաջողությամբ բարելավելու համար.
- «Բիզնեսը բիզնեսի համար» կայքը, որը հիմնել է Բաբկեն Թունյանը, ճանաչվեց «Տարվա լրատվամիջոց»՝ մենաշնորհային ոլորտի վերաբերյալ խնդիրները լուսաբանելու համար.
- Օֆելյա Զաքարյանը ճանաչվեց «Տարվա երիտասարդ քաղաքացի»՝ «Երիտասարդությունն ընդդեմ կոուպցիայի» ծրագրի շրջանակներում հետազոտությունների և առաջարկությունների համար.
- «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ն ճանաչվեց «Տարվա քաղաքացիական հասարակություն»՝ գործարար համայնքում բարեփոխումների խթանման և ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեության համար:
«Առաջընթացի համար կարևոր են թե՛ գաղափարները և թե՛ գործողությունները, և այս նախաձեռնությունը մեծ հնարավորություն է համախմբելու մեր ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում», - ասաց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ առաջնահերթություն իր գրասենյակի համար, ինչպես նաև ներկայացրեց վիճակագրական տվյալներ՝ այդ թվում պաշտոնյաների դեմ հարուցված գործերի և առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: