Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված խորհրդարանական լսումների ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ 2016թ. դեկտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի վերաբերյալ:
Շուրջ երկու հարյուր բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, ներկայացուցիչներ պետական հաստատություններից, միջազգային կազմակերպություններից և դիվանագիտական առաքելություններից, գործարար համայնքից և սփյուռքից քննարկեցին Հայաստանի տնտեսական և արտաքին քաղաքական ուղղությունները և ռազմավարությունը, ինչպես նաև ընթացիկ տնտեսական ինտեգրման ու զարգացումների հետ կապված մարտահրավերները:
Միջոցառման նպատակն էր քննարկել Հայաստանի առևտրային և տնտեսական հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ և գործընկերությունը Եվրոպական միության (ԵՄ) հետ:
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունեց նախաձեռնությունը և նշեց Հայաստանում օտարերկրյա ներդրումների ներգրավման և նոր արտաքին շուկաների բացահայտման կարևորությունը՝ հաշվի առնելով երկրի տնտեսական ներուժը. «Հայաստանը դառնում է գրավիչ գործընկեր՝ թե՛ ԵՄ երկրների, թե՛ ԵՏՄ-ի և թե՛ Իրանի համար՝ տարածաշրջանում կամուրջ հանդիսանալու հեռանկարով: Հայաստանյան դիվանագիտությունը կանգնած է մարտահրավերները հաղթահարելու և տնտեսական կապերը խթանելու խնդրի առջև՝ հատկապես Հայաստանի մեկուսացման պայմաններում»:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Արգո Ավակովը նշեց. «ԵԱՀԿ առաջնահերթություններից է տնտեսական կապակցվածությունը: Երևանյան գրասենյակը կշարունակի աջակցություն տրամադրել նախաձեռնություններին՝ երկրի կայուն տնտեսական զարգացման խթանման, մրցակցային գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ, ինչպես նաև խրախուսելու Հայաստանի դերը՝ որպես մոդել համապարփակ ինտեգրացիոն գործընթացներում»:
Անդրադարձ կատարվեց նաև հայկական սփյուռքի հեռանկարներին և դիվանագիտական կորպուսի դերին՝ արտաքին տնտեսական հարաբերություններում:
ԵԱՀԿ տնտեսական կառավարման ստորաբաժանման ղեկավար Անդրեյ Մունտեան ներկայացրեց տնտեսական դիվանագիտության լավագույն փորձը և մեխանիզմները՝ առաջ տանելու ազգային շահերը հավասարակշռված և բազմակողմանի ռազմավարությունների միջոցով և ընդգծեց ԵԱՀԿ դերը՝ որպես համագործակցության հարթակ և կամուրջ հիսունյոթ անդամ-պետությունների միջև՝ Վանկուվերից Վլադիվոստոկ:
Խորհրդարանական լսումները կազմակերպվել էին Հայաստանի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ: