ԵԱՀԿ-ն նպաստում է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը
ԱՂՎԵՐԱՆ, Հայաստան, 14 սեպտեմբերի 2016թ. - Այսօր Կոտայքի մարզում՝ Աղվերանում ավարտվեց քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության թեմայի շուրջ` ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված երկօրյա վերապատրաստման դասընթացը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման շրջանակներում շուրջ քսանհինգ մասնակից՝ քրեակատարողական ծառայողներ, քրեակատարողական հիմնարկների վերահսկողությունն իրականացնող դիտորդական խմբի անդամներ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի խոշտանգումների և դաժան վերաբերմունքի կանխարգելման վարչության և արագ արձագանքման բաժնի մասնագետներ ամրապնդեցին ազատազրկված անձանց՝ մարդու իրավունքների միջազգային և ազգային չափորոշիչների մասին իրենց գիտելիքները:
Միջազգային և տեղական փորձագետները վարեցին դասընթացներ՝ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման միջազգային չափորոշիչների՝ այդ թվում ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ հանձնառությունների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի, բանտային միջազգային չափորոշիչների վերաբերյալ: Մասնակիցները նաև քննարկեցին ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքի, պահման պայմանների, մոնիտորինգի բարելավման ուղիները:
«Մենք իմաստավորում ենք այս դասընթացը ոչ միայն որպես միջազգային կոնվենցիաների վերաբերյալ գիտելիքների զարգացման վարժություն, այլև որպես քրեակատարողական ծառայողների և քրեակատարողական հիմնարկների դիտորդական խմբերի հանդիպման եզակի հնարավորություն», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Ռադկա Ռուբիլինան:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց. «Դասընթացը կամրապնդի քրեակատարողական սկսնակ ծառայողների գիտելիքները մարդու իրավունքների ստանդարտների մասին, կօգնի նրանց փոխել վերաբերմունքն ազատազրկված անձանց նկատմամբ և ընդհանուր առմամբ կնպաստի քրեակատարողական համակարգի մասնագիտական կարողությունների զարգացմանը»: