ԵԱՀԿ-ն և միջազգային գործընկերները շնորհեցին մրցանակներ՝ Հայաստանում համընդհանուր իրավունքները խթանելու համար
2016թ. հունիսի 23-ին Երևանում Հայաստանի քաղաքացիական իրավունքների ակտիվիստներին, պետական պաշտոնյաներին, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին շնորհվեցին մրցանակներ՝ ի գնահատումն նրանց նշանակալի ջանքերի՝ խթանելու երկրում մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, պետական բարեփոխումները և ազատ խոսքը:
Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը, որը հիմնվել է 2012թ., առաջին նախաձեռնությունն է՝ կազմակերպված միջազգային հանրույթի համատեղ ջանքերով և ուղղված նշանավորելու պետական ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ունեցած ներդրումը մարդու իրավունքների խթանման գործում:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը «Խիզախ կին» մրցանակը շնորհեց Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա ՀԿ-ի հիմնադիր և նախագահ Ջեմման Հասրաթյանին: «ԵԱՀԿ-ն պատիվ ունի այս մրցանակը շնորհելու տիկին Ջեմմա Հասրաթյանին՝ շատ ակտիվ և հարգանք վայելող հասարակական գործչի, ով մշտապես հետամուտ է եղել հասարակության մեջ կանանց դերակատարման մեծացմանը և Հայաստանում տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանմանը»,- ասաց Ավակովը:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ստացավ «Ազատության պաշտպան» մրցանակը՝ ընտրական թափանցիկության և օրենքի գերակայության հաստատման գործում նշանակալի ներդրման համար: «Ֆոտոլուր» լրատվական գործակալությանը հանձնվեց «Մեդիա գերազանցություն» մրցանակը՝ 2015թ. ամռանը տեղի ունեցած էլեկտրականության սակագնի թանկացման դեմ հանրային բողոքի ցույցերի լուսաբանման գործում լրագրողական պրոֆեսիոնալիզմի և նվիրումի համար:
Տարածքային զարգացման և կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին շնորհվեց «Կառավարության բարեփոխիչ» մրցանակը՝ նրա նվիրումի և առաջնորդության համար, որը շատ կարևոր է եղել Հայաստանում տեղական կառավարման բարեփոխման գործում: Զարուհի Բաթոյանը ստացավ «Ներառման խթանում» մրցանակը՝ ի գնահատումն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ստեղծման գործում նրա նվիրումի և հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների մեկուսացված չլինելը երաշխավորելու գործում կարևոր ներդրման:
Նոր ներկայացված «Արդարության խթանում բոլորի համար» մրցանակը շնորհվեց Լոռու մարզային դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանին՝ ի գնահատումն նրա քաջարի ջանքերի՝ երաշխավորելու Հայաստանում անկախ դատավարություն:
Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան, Հայաստանում ԵՄ պատվիրակության, Բրիտանական դեսպանատան, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի և ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի կողմից: