ԵԱՀԿ-ն միանում է միջազգային գործընկերներին՝ խթանելու բնական ռեսուրսների կայուն կիրառումը Հայաստանում
Երևան, 11 մայիսի 2016 թ․- Այսօր, ԵԱՀԿ-ի ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից Երևանում համատեղ կազմակերպված աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին Հայաստանում ազգային տնտեսության կանաչ աճին ուղղված գործողությունների գնահատման մեթոդոլոգիաները։
Հանդիպմանը, որը մեկ տեղում հավաքեց ՀՀ էկոնոմիկայի և բնապահպանության նախարարությունների և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, գիտության ներկայացուցիչների, տեղական և միջազգային փորձագետների, քննարկեցին ազգային կանաչ աճի ցուցանիշների հատկորոշման և Հայաստանում կանաչ աճի առաջընթացի գնահատման վերաբերյալ զեկույցի մշակման ուղիները։
«Կանաչ աճի ցուցանիշներն աստիճանաբար դառնում են երկրի տնտեսական իրավիճակի կայունության գնահատման կարևոր գործիք»,-ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը: «Հայաստանը դեռ կախվածություն ունի բնական ռեսուրսներից և հումքից, և երկրին բնորոշ կանաչ աճի ցուցանիշների հատկորոշման մեթոդոլոգիայի մշակումը նշանակալի ներդրում է արդյունավետ տնտեսական քաղաքականության մշակման գործում»:
ՏԶՀԿ Շրջակա միջավայրի տնօրինությունում Ծրագրի ավագ ղեկավար Կշիշտոֆ Միխալակը խրախուսեց Հայաստանին միանալ քսանից ավելի այն երկրներին, որոնք արդեն կիրառել են ՏԶՀԿ-ի կանաչ աճի գնահատման համակարգը։ ‹‹Կանաչ աճի ցուցանիշների կիրառումը տալիս է հնարավորություն բնական կապիտալի ծախսերի նվազեցումը գործոն դարձնելու երկրի՝ տնտեսական ոլորտում որոշումների ընդունման մեջ և բարձրացնելու հայ հասարակության բարեկեցության մեջ բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի ծառայությունների ունեցած ներդրման վերաբերյալ իրազեկվածությունը››։
Միջազգային փորձագետները, ներառյալ Սլովակիայից և Ուկրաինայից, ներկայացրեցին կանաչ աճի ցուցանիշների կիրառման և կանաչ աճի առաջընթացի վերահսկման իրենց փորձը։ Դրան հաջորդեց Հայաստանում կանաչ աճի ցուցանիշների զարգացման աշխատանքային խմբի հիմնման վերաբերյալ քննարկումը։
Միջոցառումը կազմակերպվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի «Աջակցություն հյուրընկալող երկրին՝ կայուն շուկայական տնտեսության անցմանը և տնտեսական կայունության ապահովմանը» ծրագրի շրջանակներում և որպես ՏՀԶԿ-ի կողմից իրականացվող և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Արևելյան հարևանության տնտեսությունների կանաչեցում» ծրագրի մաս: