ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված աշխատոժողովի նպատակն է նպաստել Հայաստանում սոցիալական և քրեական արդարադատության ոլորտներում գործընկերության ամրապնդմանը
Քրեական արդարադատության ընթացիկ բարեփոխումների շրջանակներում նախկին բանտարկյալների համար սոցիալական ծառայությունների ապահովումը և ներառական սոցիալական ծառայությունների ինստիտուցիոնալացումը ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն»-ի հետ համատեղ 2016թ. մարտի 31-ից ապրիլի 2-ին Աղվերանում կազմակերպված աշխատաժողովի նպատակն էր:
Արդարադատության նախարարության՝ ներառյալ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոնի», Քրեակատարողական վարչության, քրեակատարողական հաստատությունների, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հասարակական կազմակերպությունների շուրջ երեսուն ներկայացուցիչներ ուսումնասիրեցին քրեակատարողական և սոցիալական ապահովության հաստատությունների շրջանում նախկին դատապարտյալների համար սոցիալական գործընկերության մեխանիզմները: Մասնակիցները քննարկեցին Արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն»- ի կողմից մշակված և կառավարության բարեփոխումների օրակարգում գտնվող պատժից ազատված անձանց սոցիալական վերականգնման, վերաինտեգրման և ուղղորդման կարգի նախագիծը:
Քննարկման առանցքում էին նախկին դատապարտյալների վաղաժամկետ պայմանական ազատման, նախնական ազատման և վերականգնման ծրագրերի հետ կապված խնդիրները, ինչպես նաև նախկին իրավախախտների վերականգնման և վերաինտեգրման գործում հասարակական կազմակերպությունների դերը:
Վրաստանի Արդարադատության նախարարության հանցագործությունների կանխման կենտրոնի Նախկին դատապարտյալների վերականգնողական և սոցիալական աջակցության բաժնի ղեկավար Նինո Բիսեիշվիլին ներկայացրեց Վրաստանի քրեական արդարադատության բարեփոխումների փորձը, նախկին դատապարտյալների ուղղորդման մեխանիզմները և գործընկերության մոդելները: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ներկայացրեց ներառական սոցիալական ծառայությունների ճանապարհային քարտեզը և դեպքերի վարումը Հայաստանում:
Միջոցառումը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի՝ քրեական արդարադատության և քրեակատարողական բարեփոխումներին ուղղված ջանքերի մաս է կազմում: