Հայաստանում կիբերանվտանգության կարգավորման դաշտը՝ ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված միջազգային համաժողովի ուշադրության կենտրոնում
2016թ. մարտի 23-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպվեց համաժողով՝ քննարկելու զարգացումները կիբերանվտանգության ոլորտում և առնչվող կարգավորման դաշտը: Միջոցառումը կազմակերպվել էր Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և Երևանում բրիտանական դեսպանատան հետ համագործակցությամբ:
Միջոցառմանը մասնակցեց շուրջ վաթսուն ներկայացուցիչ՝ պետական կառույցներից, Ազգային ժողովից, մասնավոր հատվածից, ինչպես նաև ոլորտի փորձագետներ: Կիբերանվտանգության և կիբերհանցավորության ոլորտում առաջատար միջազգային փորձագետները՝ Շվեյցարիայից և Միացյալ Թագավորությունից ոլորտում լավագույն փորձի վերաբերյալ մտքեր փոխանակեցին տեղի փորձագետների, ՀՀ էկոնոմիկայի, արդարադատության, տրանսպորտի և կապի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի ներկայացուցիչների, պետական պաշտոնյաների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ:
«Կիբերսպառնալիքներին ակտիվ արձագանքումը կարևոր է ցանկացած ժամանակակից պետության և հասարակության գործունեության համար: Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) թափանցել են մեր առօրյա կյանք և կտրուկ փոխել այն: Մեզնից շատերը տեղյակ չեն, թե որքանով ենք մենք կախված ՏՀՏ-ներից: ԵԱՀԿ-ն հանդիսանում է տեղեկատվական անվտանգության ոլորտում լավագույն փորձի փոխանակման հարթակ՝ աջակցելու Հայաստանի ջանքերին այս ոլորտում»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրի ղեկավար Բերնհարդ Ֆրանկլը:
Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ընդգծեց համակարգային մոտեցման և ոլորտի արդյունավետ կառավարման, ինչպես նաև պետական կառույցների, մասնավոր ոլորտի և ՏՏ համայնքի
համագործակցության կարևորությունը:
ԵԱՀԿ-ն դիմագրավում է տարբեր կիբերսպառնալիքներին՝ ներառյալ կիբերհանցավորության և ահաբեկչական նպատակներով համացանցի օգտագործմանը: Ուշադրության կենտրոնում է մասնակից պետությունների միջև վստահության ամրապնդման միջոցների ձևավորումը՝ ուղղված նվազեցնելու ՏՀՏ-ների կիրառման արդյունքում կոնֆլիկտների ծագման վտանգները: