Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հանրային քննարկում՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ Արդարադատության նախարարության կողմից 2016թ. մարտի 11-ին Երևանում կազմակերպվեց ընտրական նոր օրենսգրքի նախագծի առաջին հանրային քննարկումը:
Հայաստանում ընտրական բարեփոխումների բաց ու ներառական գործընթացի կարևորությունն ընդգծող միջոցառմանը ներկա էին ավելի քան հարյուր մասնակից՝ կառավարության և ընտրական վարչարարության ներկայացուցիչներ, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ, Ազգային ժողովի անկուսակցական անդամներ, տեղական ընտրական դիտորդություն իրականացնող կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
ՀՀ կառավարության անձնակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը և Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեցին օրենքի նախագիծը, որին հաջորդեց հիմնական դրույթների քննարկումը:
«Այս օրենսդրության մշակման հիմնարար սկզբունքն է՝ ապահովել անցումն ամբողջովին համամասնական ընտրական համակարգի՝ միաժամանակ երաշխավորելով բարեփոխված սահմանադրությամբ նախատեսված կայուն խորհրդարանական մեծամասնություն»,- ասաց Հովհաննիսյանը:
«Կառավարության դիրքորոշումն այս նախագծի վերաբերյալ դոգմա չէ: Մենք ողջունում ենք կառուցողական մեկնաբանություններն ու առաջարկությունները, որոնք կօգնեն մեզ գտնել լուծումներ առկա խնդիրներին և անդրադառնալ այնպիսի մտահոգությունների, ինչպիսին կրկնակի քվեարկությունն է», - ասաց Դավիթ Հարությունյանը: Նա նաև հայտնեց Կառավարության մտադրության մասին՝ ընտրական գործընթացներում ներմուծելու նոր տեխնոլոգիաներ՝ ապահովագրելով քվեարկողի նույնականացման գործընթացը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Բառբառա Դեյվիսը մատնանշեց ընտրական օրենսգրքի ընդգրկուն ու խորհրադակցությունների միջոցով մշակման կարևորությունը. «Այն կօգնի անդրադառնալ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) զեկույցներում ներկայացված առաջնահերթ հանձնարարականներից մեկին՝ ընտրական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կշարունակի հնարավորություններ ընձեռել նման խորհրդակցությունների համար»:
Ընտրական օրենսգրքի նախագիծը ներկայացվել է Կառավարության՝ մարտի 3-ի նիստի ժամանակ և ուղարկվել նաև ԺՀՄԻԳ-ին ու Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովին՝ իրավական կարծիքի համար: Նախատեսվում է, որ նոր օրենքը՝ բարեփոխված Սահմանադրության անցումային դրույթների հետ մեկտեղ ուժի մեջ կմտնի մինչև ս.թ. հունիսի 1-ը: