ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ քննարկում՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում ոստիկանության դերի ամրապնդման թեմայով
2015թ. նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված ծրագրի արդյունքների քննարկում, որի նպատակն էր ամրապնդել ոստիկանության դերը ընտանեկան բռնության դեմ պայքարում:
Ոստիկանության և ընտանեկան բռնության ոլորտի կառույցների շուրջ ութսուն ներկայացուցիչներ քննարկեցին ծրագրի արդյունքները, որն իրականացվել է ամրապնդելու համագործակցությունը ոստիկանության և ընտանեկան բռնության դեմ պայքարող պետական և ոչ պետական բոլոր հաստատությունների միջև:
«Չնայած նրան, որ ընտանեկան բռնությունը հակասում է բոլոր միջազգային և պետական նորմերին ու մարդկային արժեքներին՝ այն դեռևս բավականին տարածված խնդիր է բազմաթիվ երկրներում», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: «Դա սոցիալական խնդրի մի օրինակ է, որի լուծման համար անհրաժեշտ է ոստիկանության և հարակից մասնագիտացված կառույցների արդյունավետ համագործակցությունը»:
Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին առաջարկություններ՝ զարգացնելու և բարելավելու բազմակողմանի համագործակցությունը ընտանեկան բռնության դեմ պայքարում և մշակելու արագ արձագանքման գործողությունների մեխանիզմ: Մասնակիցները նաև անդրադարձան կրթության և իրազեկման բարձրացման դերին ընտանեկան բռնության դեմ պայքարում:
Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր «Երջանիկ ընտանիքն իմ աչքերով» լուսանկարների ցուցահանդես՝ ներկայացնելու ավագ դպրոցի աշակերտների աշխատանքներն ու տեսանյութն ընտանեկան բռնության մասին:
Ծրագիրը, որի նպատակն էր ուժեղացնել ոստիկանության արձագանքը ընտանեկան բռնության դեպքերին, իրականացվել է անցյալ տարվա սկզբից, որի շրջանակներում նաև ստեղծվել են տեղեկատվական անկյուններ ոստիկանական բաժանմունքներում և քարտեզագրվել են կազմակերպությունները, որոնք աշխատում են տուժողների հետ: