ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ աշխատաժողով՝ Հայաստանում բնապահպանական մարտահրավերների թեմայով
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը՝ Երևանի պետական համալսարանի Կայուն զարգացման կենտրոնի հետ համագործակցությամբ 2015թ. նոյեմբերի 10-ին Երևանում կազմակերպեց աշխատաժողով՝ նվիրված Հայաստանի բնական ռեսուրսների նպատակային օգտագործման և բնապահպանական կառավարման պլանավորման խնդիրներին ու դրանց լուծմանը:
Աշխատաժողովին մասնակցեցին պետական հաստատությունների, գիտական և գործարար ոլորտների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Սեմինարի մասնակիցները քննարկեցին երկրում բնապահպանական ոլորտի մարտահրավերները, հանքարդյունաբերական ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության խնդիրները, բնական և ջրային ռեսուրսների օգտագործման քաղաքականությունը, հիդրոէներգետիկ շահագործման և հանքարդյունաբերության բնապահպանական խնդիրները:
2012թ. ԵԱՀԿ աջակցությամբ հիմնադրված՝ Կայուն զարգացման կենտրոնի փորձագետները հասարակության և պետական մարմինների ներկայացուցիչների ուշադրությանը ներկայացրեցին ոլորտի հիմնախնդիրները, ինչպես նաև հետազոտություններ՝ ուղղված բնական ռեսուրսների առավել արդյունավետ և նպատակային օգտագործմանն ու բնապահպանական ոլորտի կառավարմանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը նշեց. «Բնապահպանական խնդիրների լուծումը կարևոր է հանրության անվտանգության համար, և մենք հուսով ենք՝ հանրային մասնակցության ապահովումը որոշումների կայացման գործընթացներում՝ ԵԱՀԿ սկզբունքներին համահունչ, կխթանի արդյունավետ կառավարում, իրազեկ հանրային բանավեճ և ավելի բարձր հանրային վստահություն»:
Դեսպան Անդրեյ Սոռոկինի հետ միասին քննարկումներին մասնակցեցին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ԵՊՀ-ի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, ԵՊՀ-ի պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը:
Կայուն զարգացման կենտրոնի ղեկավար Ռուբեն Մովսիսյանը հավելեց. «Ակնկալում ենք, որ քննարկումների արդյունքում հստակ քայլեր կձեռնարկվեն ընդերքօգտագործման և արդյունաբերական ոլորտի թափանցիկության ու պատասխանատվության, բնական և ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված խնդիրների արդյունավետ լուծման և բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ»:
Կայուն զարգացման կենտրոնը հիմնադրվել է երեք տարի առաջ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԵՊՀ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Կենտրոնի նպատակն է խթանել կայուն զարգացում և քաղաքացիական հասարակության ու գիտական ոլորտի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում: