ԵԱՀԿ-ն կազմակերպում է ժողովրդավարության ամառային դպրոց Հայաստանում ավագ դպրոցների աշակերտների համար
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Ժողովրդավարության ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերի ավագ դպրոցների երկու տասնյակ աշակերտների համար հունիսի 29-ից հուլիսի 4-ը նախաձեռնվել էին մի շարք ուսումնական սեմինարներ, ճանաչողական այցեր և հանդիպումներ ոլորտի լավագույն մասնագետների հետ՝ նվիրված ժողովրդավարության բազում հիմնահարցերի:
Ծրագրի նպատակն է ժողովրդավարության հիմնական սկզբունքների եւ արժեքների մասին աշակերտների ունեցած գիտելիքների ընդլայնումը, մարդու իրավունքների եւ քաղաքացիական մասնակցության գիտակցման մակարդակի բարձրացումը:
«Ժողովրդավարությունը երկրի և տարածաշրջանի անվտանգության ու կայունության ապահովման հիմնաքարն է»,-վստահեցրեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: «Երիտասարդության ներուժն այնպիսի արժեքավոր աղբյուր է, որին պետք է հնարավորինս սատարել: Որքան ներդրում կատարենք այսօր, այնքան եկամուտ կապահովենք վաղը»,-իր խոսքում հավելեց Անդրեյ Սորոկինը:
Վաղն ավարտվող մեկշաբաթյա ծրագիրը ներառում է Երևանում անցկացվելիք մի շարք ուսումնական սեմինարներ, հանդիպումներ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության տեղի, ինչպես նաև միջազգային մասնագետների հետ, այցեր դեպի այնպիսի պետական հաստատություններ, ինչպիսիք են ՀՀ Նախագահի նստավայրը, ՀՀ Ազգային Ժողովը, Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը /ԿԸՀ/, Մարդու Իրավունքների Պաշտպանի /ՄԻՊ/ գրասենյակը (Օմբուդսմեն), ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը և հասարակական կազմակերպություններ:
Ծաղկահովիտ գյուղի ավագ դպրոցի աշակերտուհի Թամարա Սահակյանը կիսվեց իր տպավորություններով. «Ամառային դպրոցն ընձեռեց հնարավորություն՝ գիտակցելու մեր իրավունքներն ու պարտականությունները, տեղեկանալու երկրի կառավարման կառույցների մասին և փոխանակելու կարծիքներ տարբեր հարցերի շուրջ: Այն թույլ տվեց՝ դառնալու երկրին նվիրված քաղաքացի, ով կկարողանա ունենալ հասարակության զարգացման գործում իր ավանդը»:
Մասնակիցներն ընտրվեցին՝ ըստ ժողովրդավարության թեմաներով հեղինակային շարադրությունների մրցույթի, որն անցկացվել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից դեռևս գարնանը: Ավելի քան հարյուր թեկնածուներից միայն քսանի հեղինակային շարադրությունները ճանաչվեցին լավագույնը, ովքեր նաև հաջողությամբ հաղթահարեցին հարցազրույցի փուլը:
Ծրագրի ավարտին մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր և խրախուսական մրցանակներ: