Անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների մասին ԵԱՀԿ վարքի կանոնակարգի վերաբերյալ քննարկում Երևանում
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի հետ համագործակցությամբ, ս.թ. հոկտեմբերի 16-ից 17-ը Երևանում կազմակերպեց միջազգային աշխատաժողով՝ ԵԱՀԿ վարքի կանոնակարգի վերաբերյալ: Վարքի կանոնակարգը, որի 20-ամյակն է նշվում այս տարի, առանցքային փաստաթուղթ է, որն առնչվում է ԵԱՀԿ մասնակից պետությունների ռազմաքաղաքական պարտավորություններին:
Մասնակիցները փոխանակեցին իրենց գիտելիքն ու փորձը վարքի կանոնակարգի պարտավորությունների, անվտանգության ոլորտի կառավարման ու
բարեփոխումների լավագույն գործելակերպի, զինված ուժերում մարդու իրավունքների, անվտանգության ոլորտի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության և ՆԱՏՕ-ի ու ԵԱՀԿ-ի պարտավորությունների արդյունավետ համատեղման վերաբերյալ:
Կանոնակարգը եզակի ԵԱՀԿ մեխանիզմ է, որը խթանում է անվտանգության համագործակցային և համակողմանի բնույթը: Այն օգնում է երկրներին ձևավորել զինված ուժերի և անվտանգության ոլորտի կարգավորման սկզբունքների և պարտավորությունների ժողովրդավարական համակարգ: Այն նաև օգնում է մշակելու զինված ուժերի, անվտանգության մարմինների, հետախուզական ծառայությունների, ոստիկանության, մասնավոր անվտանգության և ռազմականացված ուժերի նկատմամբ ժողովրդավարական քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներ:
Սեմինարին մասնակցում էին ներկայացուցիչներ ԵԱՀԿ քարտուղարության հակամարտությունների կանխարգելման կենտրոնից, ԵԱՀԿ ժողովրդավարական հաստա-տությունների և մարդու իրավունքների գրասենյակից (ԺՀՄԻԳ), ՆԱՏՕ-ից, Ավստրիայի պաշտպանության և սպորտի նախարարությունից, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնից (ԶՈՒԺՎ), Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, ՄԱԿ - ի բնակչության հիմնադրամից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ինչպես նաև Հայաստանի պետական մարմիններից և քաղաքացիական հասարակության կազմակերպություններից:
ԵԱՀԿ Շվեյցարիայի նախագահության այս տարվա առաջնահերթություններից է անվտանգ համայնքի ստեղծումն է՝ ի շահ բոլորի և անվտանգության և կայունության խթանումն` անվտանգության ոլորտի կառավարումն ամրապնդելու և վարքի կանոնակարգի իրականացումը և տարածումը խրախուսելու միջոցով: