ԵԱՀԿ-ն Երևանում աջակցում է ոստիկանության վերահսկողության թեմայով միջազգային սեմինարի կազմակերպմանը
Ս.թ. հունիսի 19-ին Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ միջազգային սեմինարին քննարկվեցին ոստիկանության արտաքին վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզմների հետ կապված հարցերը:
Միջոցառումը ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության /ԶՈՒԺՎ/ Ժնևյան կենտրոնի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համատեղ նախաձեռնություն է:
«Ոստիկանության գործողությունների օրինականությունն ու լեգիտիմությունը ուղղակիորեն կախված են ոստիկանության հանդեպ կիրառվող հաշվետվողականության արդյունավետ ընթացակարգերից. եթե առկա է հաշվետվողականության պակաս, ապա հասարակությունը կարող է կորցնել իր վստահությունը ոստիկանության նկատմամբ», ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հանլոնը: «Կարծում եմ, այս սեմինարը կլինի օգտակար հարթակ արդյունավետ քննարկումների համար՝ Հայաստանում ոստիկանության բարեփոխումների մասին ընդհանրապես և ոստիկանության հաշվետվողականության մասին մասնավորապես»:
Սեմինարին մասնակցող ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններից ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ Ազգային Ժողովի հանձնաժողովի անդամներ և փորձագետներ, հնարավորություն ունեցան ծանոթանալու ոստիկանության վերահսկողության վերաբերյալ միջազգային փորձին: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայից և Չերնոգորիայից ԶՈՒԺՎ հրավերով ժամանած փորձագետները ներկայացրեցին ոստիկանության վերահսկողության և մոնիտորինգի մեխանիզմների իրենց երկրների փորձը: