ԵԱՀԿ-ն ներկայացրեց Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումների կատարման մասին վերլուծություն
2013 թ.-ի դեկտեմբերի 19-ին կայացած աշխատաժողովի քննարկման թեմաներն էին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների կատարումը և երրորդ կողմի կարծիքի (amicus curiae) կարևորությունը ներքին և միջազգային ատյաններում:
Միջոցառումը, որը կազմակեպվել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանի փաստաբանների պալատի կողմից` ուղղված էր ներքին և միջազգային ատյաններում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերահսկողության հզորացմանը: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ սահմանադրական դատարանի, դատական համակարգի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, իրավաբաններ և քաղաքացիական հասարակությունից փորձագետներ:
Աշխատաժողովի ընթացքում փաստաբանների պալատի և անկախ փորձագետների կողմից ներկայացվեցին ՄԻԵԴ որոշումների կատարման և երրորդ կողմի կարծիքի (amicus curiae) հետ կապված դեպքերի վերաբերյալ վերլուծության արդյունքները: Հետազոտությունը վերլուծում է ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի վերաբերյալ 48 որոշումների կատարման գործընթացը: Ներկայացվեցին նաև Եվրոպայի խորհրդի վերահսկողության նոր մեխանիզմները, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունները և կիրառման պրակտիկան տարբեր հարցերի շուրջ, ինչպիսիք են, օրինակ՝ վարչական կալանքը, գործերի վերաբացումը և այլն:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինն ասաց. «Երրորդ կողմի կարծիքի ներգրավումը դատական գործընթացին տարածված պրակտիկա է շատ երկրներում. միջազգային դատարանների և տրիբունալների ընթացակարգերը ընդունված է համարել արդյունավետ: Հուսով ենք, որ այսօրվա քննարկումը նպաստի դատական նախադեպերի շուրջ կարծիքների փոխանակմանը և կհանգեցնի Հայաստանում ՄԻԵԴ որոշումների կատարման բարելավման ուղղությամբ առաջարկների»: