ԵԱՀԿ-ն Հայաստանում քննարկում է ոստիկանական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը
ԵՐԵՎԱՆ, հոկտեմբերի 31, 2013 թ. – Ոստիկանական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը և ոստիկանության բարեվարքության և հաշվետվողականության ամրապնդումը այսօր Երևանում կազմակերպված քննարկման թեմաներն են:
Քննարկումը կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ ոստիկանությունը՝ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման /ԶՈՒԺՎ/ Ժնևյանի կենտրոնի հետ համագործակցությամբ: Հանդիպման հիմնական նպատակն է ոստիկանության բարեվարքության ոլորտում միջազգային փորձի փոխանակումը Հայաստանի գործընկերների հետ:
Միջոցառման մասնակիցներին ներկայացվեց «Ոստիկանության անձնակազմի բարեվարքությունը» ձեռնարկի հայերեն տարբերակը, որը մշակվել էր ԶՈՒԺՎ-ի կողմից և տպագրվել՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Ձեռնարկի հիմնական թեմաներն են ոստիկանական կոռուպցիայի կազմակերպական ազդեցությունը և ոստիկանական ծառայության արժեքներն ու էթիկան:
«Կոռուպցիան բարդ երևույթ է և շատ կարևոր է դրա դեմ պայքարել տարբեր մակարդակներում և բոլոր հաստատություններում, այդ թվում՝ ոստիկանությունում», նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: «Հուսով ենք, որ թե՛ ոստիկանությունում ռազմավարություն մշակողների, թե՛ գործնական աշխատանք իրականացնողների համար այսօր ներկայացված ձեռնարկը կդառնա օգտակար գործիք կոռուպցիային հակազդելու և հակակոռուպցիոն գործելակերպը և արժեքները կազմակերպության մշակույթի մեջ ներդնելու գործում:»
ԶՈՒԺՎ-ի փոխտնօրենի Ֆիլիպ Ֆլուրին հավելեց. «Թափանցիկությունը, հաշվետվողականությունը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքը այն հիմնասյուներն են, որոնց վրա պետք է հենվեն արդարադատության և ոստիկանության ոլորտի ղեկավարությունը: Որոշում ընդունելու մեխանիզմներում ու ոստիկանության ընթացակարգերում պետք է արտացոլվեն այս սկզբունքները:»
Միջոցառմանը ներկա գտնվող Հայաստանի մասնակիցները ԶՈՒԺՎ-ի փորձագետների հետ քննարկեցին բարեվարքության և հաշվետվողականության հասկացությունները ոստիկանության գործունեության մեջ, ինչպես նաև տեղեկացան Հարավարևելյան Եվրոպայում ոստիկանության բարեփոխումների գործընթացի մասին:
Ձեռնարկի հայերեն տարբերակը կարող եք գտնել այստեղ https://www.osce.org/node/107599: