ԵԱՀԿ-ն վերապատրաստում է հայ իրավաբաններին երրորդ կողմի կարծիք պատրաստելու համար
ԵՐԵՎԱՆ, 2013թ. հունիսի 14 - Այսօր Երևանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ կազմակերպել են երկօրյա դասընթաց, որտեղ քննարկվելու են երրորդ կողմի կարծիք ներկայացնելու հեռանկարները սահմանադրական և մարդու իրավունքների միաջազգային ատյաններին, ինչպես նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարումը:
Դասընթացի նպատակն է գտնել ուղիներ՝ մարդու իրավունքների կոնկրետ գործերով մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կարծիքներ մշակելու համար, ներառյալ ՄԻԵԴ-ի վճիռների կիրառման վերաբերյալ:
Դասընթացին մասնակցում են շուրջ 30 փաստաբաններ և իրավապաշտպաններ Հայաստանի տարբեր մարզերից. այն վարում են բրիտանական «Ինտեռայթս» հասարակական կազմակերպության երկու ներկայացուցիչներ և տեղական փորձագետներ: Դասընթացի մասնակիցները կուսումնասիրեն ՄԻԵԴ-ի վճիռների կիրառման և իրականացման փորձը, գործերի վերաբացման վերաբերյալ իրավական հարցերը, ՄԻԵԴ-ի բարոյական վնասի վերաբերյալ նախադեպային իրավունքը և Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեին ուղղված կարծիքների հիմնավորվածությունը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ընդգծեց փաստաբանների և իրավապաշտպանների դերը՝ երկրում մարդու իրավունքները և իրավունքի գերակայությունը խթանելու հարցում: «Այսպիսի լայն մասնակցությամբ դասընթացը նպաստում է բաց, տեղեկացված և մասնագիտական քննարկմանը, որը կարևոր է իրավաբանների հմտությունների շարունակական ամրապնդման և տեղական ու միջազգային ատյաններում իրենց արդյունավետ ներգրավման համար»,-ասաց նա:
Դասընթացը հաջորդել է ԵԱՀԿ-ի կողմից անցյալ տարի իրականացրած ծրագրին փաստաբանների և իրավապաշտպանների համար amicus curiae («դատարանի բարեկամ») համառոտագրեր պատրաստելու վերաբերյալ, որի արդյունքում Սահմանադրական դատարան յոթ գրավոր կարծիք ներկայացվեց և երկու խնդրանք ՄԻԵԴ կարծիք ներկայացնելու համար:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը նշեց. «2010 թ.-ից ի վեր մեզ հաջողվել է Սահմանադրական դատարան ներկայացնել կարծիքներ յուրաքանչյուր գործի վերաբերյալ, որին ընթացք է տրվել: ԵԱՀԿ-ի աջակցությամբ, մենք ձգտում ենք զարգացնել Պալատի և հարակից մարմինների կարողությունները` ստեղծելու amicus curiae համառոտագրերի աշխատող մեխանիզմ, որը մինչև այսօր Հայաստանի համար բավականին յուրահատուկ փորձ է»: