Հայաստանում ԵԱՀԿ-ի աջակցությամբ ներկայացվել է անվտանգության ոլորտի բարեփոխման նախաձեռնությունը
Երևանում, 2013թ. հունիսի 11-ին, ԵԱՀԿ աջակցությամբ մեկնարկած դասընթացի առանցքային թեմաներն են՝ անվտանգության ոլորտի բարեփոխման հայեցակարգն ու զարգացումները:
Քառօրյա դասընթացը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ Արտաքին գործերի նախարարության, Ավստրիայի Պաշտպանության և սպորտի նախարարության և Ժնևի Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության /ԶՈՒԺՎ/ կենտրոնի համատեղ նախաձեռնություն է, որը այս թեմայով կազմակերպվել է առաջին անգամ:
«Անվտանգության վերաբերյալ ավանդական հայեցակարգը այժմ վերասահմանվում է՝ ներառելով ոչ միայն պետությունների անվտանգությունը, այլ նաև մարդկանց ապահովությունը և բարեկեցությունը»,- ասաց դեսպան Անդրեյ Սորոկինը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը: «Այս գաղափարի հիմքն է հանդիսանում անվտանգության անբաժանելիությունը, որը ամրագրված է ԵԱՀԿ-ի հիմնական սկզբունքներում»:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հավելեց. «Հայաստանն արդեն իսկ ձեռնարկել է իր անվտանգության ոլորտի լայնածավալ բարեփոխումներ, որոնք ներառում են Զինված Ուժերը, ոստիկանությունը և անվտանգության համակարգի այլ կառույցներ՝ արդյունավետության որակական մակարդակը բարձրացնելու նպատակով: Դրանք անհրաժեշտ քայլեր են՝ դիմակայելու առկա և հավանական նոր մարտահրավերներին և ես վստահ եմ, որ այս դասընթացը և նրա մասնակիցների ձեռք բերած գիտելիքները կնպաստեն ընթացող գործընթացների հաջողությանը:»
Տարբեր պետական գերատեսչություններից մոտավորապես 30 մասնակիցներ կմասնակցեն միջոցառմանը, որտեղ կքննարկվեն նաև անվտանգության ոլորտի բարեփոխման քաղաքական բնույթը, մարտահրավերները, գենդերային և կառավարման ասպեկտների հետ առնչությունը, ինչպես նաև անվտանգության ոլորտի գործունեության մեջ պետական և ոչ կառավարական դերակատարների դերը և ներգրավվածությունը: Դասընթացը վարում են Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության կենտրոնի Անվտանգության ոլորտի միջազգային խորհրդատվական խմբի կողմից:
Անվտանգության ոլորտի բարեփոխումը քաղաքական և տեխնիկական մարտահրավեր է, որը պահանջում է միմյանց հետ համագործակցող պետական և ոչ պետական մասնակիցների ներգրավվածության լայն շրջանակ՝ ավանդական համակարգային սահմանների շուրջ: