Հայաստանում ԵԱՀԿ-ի աջակցությամբ լրագրողները, իրավաբանները և փորձագետները քննարկում են առցանց լրատվության էթիկան
Ս.թ. հունիսի 8-9-ը Աղվերանում տեղի ունեցած երկօրյա սեմինարի ընթացքում քննարկվեցին առցանց լրատվության մարտահրավերները և առցանց լրատվության ինքնակարգավորման զարգացման հեռանկարները:
Միջոցառմանը, որը կազմակերպել էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը, մասնակցում էին շուրջ 17 հայաստանյան առաջատար առցանց լրատվամիջոցների ներկայացուցիչներ, տեղեկատվության ոլորտի իրավաբաններ և փորձագետներ: Սեմինարի մասնակիցները քննարկեցին հարցեր՝ կապված առցանց լրատվամիջոցներին առնչվող օրենսդրական դաշտի, ինչպես նաև հեղինակային իրավունքի պաշտպանության, առցանց զրպարտության և լրատվական էթիկայի հետ:
«Այս միջոցառումը ցույց տվեց, որ Հայաստանում արդեն հստակ ջանքեր են գործադրվում՝ հիմնելու առցանց լրատվության ինքնակարգավորման մեխանիզմներ, որոնք կնպաստեն լրատվամիջոցների ազատությանը և կխթանեն արհեստավարժ և էթիկայի կանոններին համապատասխան լրատվություն»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը: «Ես այս սեմինարը դիտում եմ որպես կարևոր քայլ՝ երկրում բազմակարծիք, արդար և հաշվետու առցանց լրատվական միջավայր կառուցելու երկարատև գործընթացում»:
Սեմինարի մասնակիցները խոսեցին այն մասին, թե ինչպես կարելի է զարգացնել առցանց լրատվամիջոցների էթիկայի համընդհանուր կանոններ և քննարկեցին նման կանոնների կիրառման մարտահրավերները: Փորձագետները գործնական խորհուրդներով կիսվեցին առ այն, թե ինչն է լրատվական էթիկայում «թույլատրելի և անթույլատրելի», ներկայացրեցին տարբեր մեթոդներ, թե ինչպես կարելի է կազմակերպել լրատվամիջոցի աշխատանքը, որպեսզի այն համապատասխանի առցանց լրատվության էթիկայի կանոններին: