ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նպաստում է բանակի և հասարակության միջև համագործակցությանը
Ս.թ. ապրիլի 15-ին խորհրդարանական լսումների ուշադրության կենտրոնում էին զինված ուժերի և քաղաքացիների միջև հարաբերությունների զարգացման ուղիները:
Լսումները կազմակերպվել էին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, որին մասնակցում էին նաև Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնից ժամանած ներկայացուցիչները (DCAF/ ԶՈւԺՎԺԿ):
Խորհրդարանի անդամները, տարբեր պետական մարմիններից ներկայացուցիչներ և ավելի քան 20 միջազգային ու տեղական փորձագետներ և լրագրողներ քննարկեցին համագործակցության ինստիտուցիոնալ շրջանակները և բարեփոխումների առաջնայնությունները:
«Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը, հետևաբար քաղաքացիների և բանակի միջև ավելի սերտ համագործակցությունը շատ կարևոր են», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը: «Այն ուղղակիորեն կազդի հանրային վստահության մակարդակի վրա, որն էլ իր հերթին կուժեղացնի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը»:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի (ԶՈւԺՎԺԿ) տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին: Անվտանգության և մարդու իրավունքների ոլորտներում գործող տեղական ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները ևս կիսվեցին իրենց մտահոգություններով և առաջարկություններով:
Լսումներին հաջորդեց աշխատաժողով, որի ընթացքում ԶՈւԺՎԺԿ մասնագետները իրենց փորձը և գիտելիքները փոխանցեցին հայ գործընկերներին: Նրանք քննարկեցին Արևելյան Եվրոպայում անվտանգության ոլորտի բարեփոխումների փորձը և դրանից քաղած դասերը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը աջակցում է Հայաստանում անվտանգության ոլորտի բարեփոխումներին ՀՀ Ազգային Ժողովի հետ ստորագրած համագործակցության հուշագրի և ՀՀ պաշտպանության նախարարության հետ 2011թ. համաձայնեցրած համագործակցության ծրագրի շրջանակներում: