ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանի մարզերում ոստիկանության և երիտասարդության միջև վստահության ձևավորմանը
Հայաստանի հյուսիսում գտնվող Լոռու մարզի Վանաձոր քաղաքում և Արևաշող գյուղում 2013թ. մարտի 21-ին և 22-ին ԵԱՀԿ աջակցությամբ տեղի կունենա ոստիկանության և երիտասարդների միջև երկխոսություն:
Միջոցառումները կազմակերպվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ և միտված են օգնելու անչափահասներին և ուսանողներին, որպեսզի վերջիններս պատկերացում կազմեն առ այն, թե ինչպես է աշխատում ոստիկանությունը, և ինչպես նրանք կարող են ավելի լավ աշխատել միասին:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի պատասխանատու Լիլիան Շալառուն նշեց. «Ոստիկանության և հանրության միջև հարաբերությունների ամրապնդումը ժողովրդավարական ոստիկանության գերակայություններից մեկն է, որը հիմք է ստեղծում վստահության և համագործակցության համար: Սակայն, դա համալիր գործընթաց է, որի համար ժամանակ, ջանքեր և բարի կամք է անհրաժեշտ: Մենք կարծում ենք, որ ոստիկանության և հանրության միջև առավել սերտ հաղորդակցությունը և համագործակցությունը կնպաստեն ժողովրդավարական ոստիկանության գործելակերպի զարգացմանը, այդ թվում՝ համայնքային ոստիկանության և հասարակական կարգի պահպանության ոլորտում»:
Առաջին օրը փորձագետները կզրուցեն Արևաշող գյուղի շուրջ 30 աշակերտների հետ: Երեխաները կծանոթանան ոստիկանների ամենօրյա աշխատանքին, կքննարկեն նրանց աշխատանքի մարտահրավերները և տեղական անվտանգության հետ կապված իրավիճակը: Փորձագետները կպատմեն նաև թմրամոլության, մարդկանց թրաֆիքինգի, կոռուպցիայի և համայնքային ոստիկանության մոդելի մասին:
Երկրորդ օրը Վանաձորի բարձրագույն ուսումնական հաստատությունների 25 ուսանողներ կքննարկեն համայնքային ոստիկանության թեման՝ նշելով ներգրավված կողմերի դերերն ու պարտականությունները և վերհանելով հաջող համագործակցության հեռանկարներն ու մարտահրավերները:
Սույն ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների գործընթացում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներգրավվածության և աջակցության, այդ թվում՝ համայնքային ոստիկանության մոդելի ներդրմանն ուղղված բազմամյա ծրագրի շրջանակներում: