ԵԱՀԿ-ն վերապատրաստեց Հայաստանի իրավապահ մարմինների եւ քրեական արդարադատության համակարգի ներկայացուցիչներին՝ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի եւ դրանց կանխարգելման ուղղությամբ
ՀՀ Ոստիկանության, Դատախազության, Ազգային անվտանգության ծառայության եւ Քննչական կոմիտեի գրեթե 20 աշխատակից բարելավեց կիբեռհանցագործությունների դեմ պայքարի եւ դրանց կանխարգելման իր հմտությունները՝ մասնակցելով բաց աղբյուրների միջոցով թվային դատափորձաքննության եւ ցանցային հետաքննությունների թեմայով դասընթացի։ Դասընթացը, որը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կազմակերպել էր Եվրոպայի խորհրդի հետ համատեղ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, տեղի ունեցավ ՀՀ Արդարադատության ակադեմիայում դեկտեմբերի 20-ից 24-ը։
Դասընթացին, որը հիմնված էր կիբեռհանցագործությունների հետաքննության երկու հիմնական դաշտերի՝ բաց աղբյուրների օգտագործմամբ հետախուզություն/հետաքննություն (OSINT) եւ թվային դատափորձաքննություն, կիբեռհանցագործությունների ոլորտի երեք փորձագետներ մասնակիցներին փոխանցեցին կիբեռհանցագործությունների հաջող հետաքննության համար անհրաժեշտ հմտություններ, գործիքներ եւ գիտելիք։ Իրենց բարելավված կարողությունների միջոցով մասնակիցներն այժմ կարող են պլանավորել թվային ապացույցների որոնում եւ առգրավում՝ օգտագործելով «կենդանի» օպերատիվ տվյալների դատափորձաքննության գործիքներ։
ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլոտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Ռոբերտ Ադիլխանյանը, որը դասընթացին մասնակցում էր քննիչների իր թիմի հետ, բարձր գնահատեց ԵԱՀԿ-ի գործնական ջանքերը կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում։ «Այս դասընթացի արդյունքում քննիչները, ոստիկանության աշխատակիցները եւ դատախազները հնարավորություն ունեցան պատկերացում կազմել հետաքննություններում OSINT-ի կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ։ Դասընթացավարները ներկայացրին տարբեր գործիքներ, որոնք շատ օգտակար կլինեն իրավասու պաշտոնյաների ամենօրյա աշխատանքում։ Դասընթացի որակը շատ բարձր էր, եւ դրա վկայությունը մասնակիցների քանակն ու նրանց ակտիվ մասնակցությունն էր դասընթացի հինգ օրերի ընթացքում»,- նշեց նա։
Քննիչներն ուսումնասիրեցին ցանցի հիմունքները, մասնավորապես՝ Հաղորդման ղեկավարման հաղորդակարգ/համացանցի հաղորդակարգի (TCP/IP) եւ Բաց համակարգերի փոխկապակցման (OSI) մոդելները, ձեռք բերեցին հմտություններ՝ տեղակայելու, գործարկելու եւ օգտագործելու վիրտուալ մեքենաներ ու դատափորձաքննության այնպիսի տարածված գործիքներ, ինչպիսիք են՝ Photorec, Autopsy, Wireshark, Maltego եւ այլն։
Այս դասընթացը մասն էր ԵԱՀԿ-ի արտաբյուջետային «Հայաստանում կիբեռհանցագործությունների դեմ պայքարի եւ դրանց կանխարգելման կարողությունների զարգացում» ծրագրի, որն իրականացնում է ԵԱՀԿ քարտուղարության Անդրազգային սպառնալիքների վարչության Ոստիկանական գործունեության ռազմավարական հարցերի ստորաբաժանումը։ Ծրագրի նպատակն է ամրապնդել կիբեռհանցագործությունների դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության կարողությունները՝ քրեական արդարադատության համակարգի արձագանքողականությունը եւ կանխարգելման կարողությունը բարելավելու միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի ֆինանսական աջակցությամբ։