Մարդու իրավունքների հարցերով ԵԱՀԿ ղեկավարը նշում է. արդարադատության ոլորտի բարեփոխումների առաջընթացը առանցքային է Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի 2011թ. – ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ ղեկավար, դեսպան Յանեշ Լենարչիչը այսօր ընդգծեց երկրում արդարադատության ոլորտի բարեփոխումների խթանման կարևորությունը:
Լենարչիչը Հայաստանում է երկօրյա այցով` քննարկելու ժողովրդավարական բարեփոխումները և վերանայելու 2008թ. հետընտրական բռնության հետ առնչվող դատավարությունների վերաբերյալ մեկ տարի առաջ ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացված առաջարկությունների կատարումը:
<Արդարադատության ոլորտի բարեփոխումների առաջընթացը կարևոր է Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Իշխանությունների տարանջատման և դատական համակարգի անկախության վրա հիմնված կառավարման համակարգի համար չկա հարատև այլընտրանք, եթե Հայաստանը ցանկանում է հասնել հարատև կայունության և բարգավաճման>, նշեց ԺՀՄԻԳ-ի ղեկավարը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված խորհրդաժողովին, որի նպատակն էր գնահատել առաջարկությունները կյանքի կոչելու առաջընթացը:
Լենարչիչը ողջունեց նոր քրեական դատավարության օրենսգրքի վրա ներկայումս կատարվող աշխատանքը և հույս հայտնեց, որ այն կներառի բարելավված մարդու իրավունքների երաշխիքներ:
Նա նաև շեշտեց կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու սահմանափակման անհրաժեշտությունը` հօգուտ այլընտրանքային խափանման միջոցների, ինչպես նաև հորդորեց քայլեր ձեռնարկել պահման վայրերում խոշտանգումները և այլ տեսակի վատ վերաբերմունքը կանխարգելու ուղղությամբ:
<Իշխանությունները արդեն որոշ առաջարկություններ հաշվի են առել, բայց դեռևս շատ անելիք կա ապահովելու արդար դատաքննությունը, դատական համակարգի անկախությունը և իշխանությունների իրական տարանջատումը>, հավելեց Լենարչիչը:
Նա ասաց, որ Հայաստանը զգալի առաջընթաց է կատարել օրենսդրական դաշտը բարելավելու ուղղությամբ, սակայն օրենքի կիրառումը դեռևս խնդիր է, որին անհրաժեշտ է անդրադառնալ:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր հանդիպումների ընթացքում Լենարչիչը կարևորել է հավաքների ազատության նկատմամբ հարգանքը և խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանության հնարավորինս սահմանափակ միջամտությունը:
Խոսելով 2012թ. խորհրդարանական և նախագահական ընտրությունների մասին, ԺՀՄԻԳ-ի ղեկավարը կոչ է արել ապահովել թափանցիկ և ներկայացուցչական գործընթաց նոր ընտրական օրենսգրքի մշակման և ընդունման գործում: Նա նշեց, որ անհրաժեշտ է անդրադառնալ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության պակասին, իշխանական և կուսակցական գործառույթների միջև հստակ բաժանման բացակայությանը, ինչպես նաև թեկնածուների նկատմամբ հավասար պայմանների ապահովմանը: