ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն աջակցում է Հայաստանի դատական համակարգի ամրապնդմանը
Դատավորների անկախության, հաշվետվողականության և պրոֆեսիոնալիզմի ամրապնդումը գտնվում էր երկօրյա քննարկման ուշադրության կենտրոնում, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) և Եվրոպայի խորհրդի կողմից 2013թ. ապրիլի 11-12-ին Երևանում:
Կառավարության, արդարադատության համակարգի, խորհրդարանի, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչները փոխանակեցին կարծիքներ և առաջաիկեցին իրենց մոտեցումները, թե ինչպես լավագույնս իրականացնել ընթացիկ դատական բարեփոխումները Հայաստանում՝ օրենքի գերակայության միջազգային չափանիշներին համապատասխան:
«Այս նախաձեռնությամբ ԵԱՀԿ-ն նպատակ ունի նպաստել արդարադատության բարեփոխմանը Հայաստանում՝ օգնելու օրենսդրությամբ և գործնականում ապահովել դատավորների անկախության նկատմամբ հարգանքին», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը:
ԺՀՄԻԳ-ի օրենքի գերակայության բաժնի ղեկավար Բենջամին Մոռոն ընդգծեց, որ «դատավորների անկախությունն ու հաշվետվողականությունը առանցքային է ժողովրդավարական հասարակությունում՝ ապահովելու իշխանության ճյուղերի արդյունավետ տարանջատում և ընձեռելու զսպումների և հակակշիռների պատշաճ համակարգ գործադիր, դատական և օրենսդիր ճյուղերի միջև»:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց. «Հանրապետության 2012-2016թթ. իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրի կարևոր նպատակներից է ապահովել արդար, արդյունավետ և հրապարակայնորեն հաշվետու դատական համակարգ՝ անդրադառնալով անկախության առկա մարտահրավերներին»:
Նախարարությունը մասնակիցներին ներկայացրեց կառավարության ծրագրերը՝ բարեփոխելու դատական վարչարարության մարմինների և դատարանների նախագահների դերը, փոփոխելու դատավորների գործունեության գնահատման ընթացակարգերն ու չափանիշները և ստեղծելու նոր արդարադատության ակադեմիա:
Քննարկումը հաջորդում էր 2011թ. դեկտեմբերին տեղի ունեցած հանդիպմանը, որի շրջանակներում մասնակիցները քննարկեցին Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի դատական անկախության կիևյան առաջարկությունների համապատասխանությունը Հայաստանում արդարադատության բարեփոխումների իրականացման համար: Հանդիպման ամփոփումը հանգեցրեց մի շարք միջոցառումների ընդգրկմանը ռազմավարական ծրագրում: