Skip Links

Press release

ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն Հայաստանի ոստիկանության համար իրականացնում են հասարակական կարգի պահպանման դասընթացներ նախքան ընտրությունները

Date:
Source:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Ոստիկանական գործունեություն

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի 2012թ. - ԵԱՀԿ-ն և ԵՄ-ն այսօր Երևանում ամփոփեցին Հայաստանի ոստիկանության համար իրականացված չորսշաբաթյա ռազմավարական և մարտավարական պլանավորման ուսուցողական դասընթացը:

Ուսուցողական ծրագրի նպատակն էր զարգացնել Հայաստանի ոստիկանության հասարակական կարգի պահպանմամբ զբաղվող մոտ հարյուր ավագ, միջին և կրտսեր պաշտոնյաների կարողությունները: Դասընթացի թեմաներում ներառված էին գործողությունների պլանավորում, արդյունավետ կառավարում և վերահսկողություն, միջազգային ստանդարտներին համապատասխան բանակցային հմտություններ, վտանգների և ռիսկերի գնահատում, տեղեկատվության կիրառում և հետախուզություն, օրինականություն, հաշվետվողականություն, պատասխանատվություն և թափանցիկություն, ինչպես նաև մամուլի հետ հարաբերություններ և հաղորդակցման մեթոդներ:

<<Հասարակական կարգի պահպանումը ողջ նախընտրական շրջանում և ընտրությունների օրը ընտրատեղամասերում ոստիկանության կարևոր պարտականություններից է, որը կարող է ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների անցկացման վրա>>, - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը. <<Մենք հավատացած ենք, որ արդյունավետ պլանավորումը, ինչպես նաև պատշաճ բանակցությունները ոստիկանության և ցանկացած բազմության միջև կարևոր է` ապահովելու անվտանգությունը հատկապես նախընտրական շրջանում>>:

<<Ազատ և արդար ընտրությունները կարևոր նախապայման են ԵՄ - Հայաստան հարաբերությունների զարգացման համար: Ոստիկանության դերը ընտրական գործընթացում կարևոր է` թափանցիկության  և հասարակական վստահության ապահովման առումով>>, - ասաց ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

ՀՀ ոստիկանության պարեկային գնդի չորրորդ հատուկ գումարտակի զորքերի հիսունհինգ ներկայացուցիչներ, ովքեր ուղղակիորեն ներգրավված են ամբոխի կառավարման գործում, դասընթացի վերջին շաբաթվա ընթացքում գործնականում կիրառեցին ձեռքբերված գիտելիքները:

ԵԱՀԿ աջակցությամբ անցյալ տարի պատրաստված երկու ուղեցույցները` հասարակական կարգի պահպանման գործում ոստիկանության վարքագծի, ուժի կիրառման և բանակցային հմտությունների վերաբերյալ օգտագործվեցին դասընթացի ընթացքում:

Դասընթացը 1.7 մլն եվրո արժողությամբ ծրագրի մաս է կազմում` հետամուտ Հայաստանում ընտրական գործընթացների ամրապնդմանը` միջազգային ստանդարտներին համապատասխան, որն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից` ԵՄ ֆինանսավորմամբ:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան