Skip Links

Press release

Լուրջ բարեփոխումների կարիք կա Հայաստանում գործող պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում, նշվում է ԵԱՀԿ աջակցությամբ կատարված հետազոտությունում

Date:
Source:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Մարդու իրավունքներ, Օրենքի գերակայություն

ԵՐԵՎԱՆ, մարտի 2, 2012թ. – Այսօր Երևանում կազմակերպված միջոցառմանը քննարկվեցին ՀՀ-ում պատիժը կրելուց վաղաժամկետ ազատման համակարգին նվիրված հետազոտության արդյունքներն ու առաջարկությունները։

Հետազոտությունը իրականացվել էր Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ 2011թ. մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցերով անկախ հանձնաժողովների ներկայիս և նախկին անդամները, պաշտոնատար անձինք և մասնագետները, այդ թվում` դատավորները և փաստաբանները իրենց կարծիքներն էին հայտնել անանուն հարցազրույցների ընթացքում: Նպատակն էր` խթանել քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես վաղաժամկետ պայմանական ազատման համակարգում և նպաստել ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների թվի նվազեցմանը:

«Հետազոտությունը վեր է հանում Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմի վերաբերյալ հաճախ հնչող մտահոգություններն ու դժգոհությունները»,  նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը: «Հուսով ենք, որ հետազոտության մեջ տեղ գտած առաջարկությունները կնպաստեն համակարգի բարելավմանը և քրեական արդարադատության  համակարգի նկատմամբ վստահության և վերականգնողական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը»:

Հետազոտությունը ներառում է Հայաստանի օրենսդրության վերլուծություն միջազգային չափորոշիչների տեսանկյունից և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրում: Այն նաև ներկայացնում է մի շարք առաջարկություններ որոշում ընդունելու գործընթացի հիմնական սկզբունքների և չափորոշիչների, քրեակատարողական հաստատությունների դերի, հսկողության մեխանիզմների, պայմանների փոփոխման և պայմանական վաղաժամկետ ազատման վերացման վերաբերյալ:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը հավելեց. «Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարեփոխումը և բարեփոխված համակարգի աշխատանքների արդյունավետության ապահովումը պահանջում են առնվազն մի քանի տարիների անընդմեջ աշխատանք: Անհրաժեշտ է վերանայել որոշում ընդունող մարմինների լիազորությունները, կազմը և ընթացակարգերը, ինչպես նաև ներդնել նոր գործիքները: Քրեակատարողական հաստատությունների աշխատակազմը չպետք է մասնակցի որոշում ընդունելու գործընթացին: Բացի այդ, անհրաժեշտ է ստեղծել անկախ պրոբացիայի ծառայություն, որտեղ կաշխատեն հատուկ ուսուցում ստացած մասնագետներ»:

Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերաբերյալ բարեփոխումները ներառվել են ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների միջոցառումների ծրագրի մեջ:

Ուսումնասիրության էլեկտրոնային տարբերակը կարող եք գտնել այստեղ //www.osce.org/yerevan/88560։


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան