Skip Links

Press release

«Լրագրողների դեմ բռնությունները Հայաստանում նվազել են, բայց ֆինանսական ճնշումները ԶԼՄ-ների նկատմամբ ավելացել»,- արձանագրել է ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ պատրաստված զեկույցը

Date:
Source:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Մամուլի ազատություն և զարգացում

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի 2012 թ. – Այսօր Երևանում ներկայացվեց Հայաստանում 2010-2011 թթ. մամուլի և խոսքի ազատության վիճակի վերաբերյալ գիրքը, որը պատրաստվել է ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ:

Գրքի հեղինակն է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն: Այն երկամյա մոնիտորինգի արդյունք է, որն արձանագրել է մամուլի ազատության ոլորտում հիմնական խոչընդոտները, ներառյալ ֆինանսական ճնշումները` ԶԼՄ-ների նկատմամբ զրպարտության և վիրավորանքի համար ներկայացվող դատական հայցերի միջոցով: 

«Այս հրատարակությունը օգտակար աղբյուր է տեղեկանալու, թե ինչպես են Հայաստանում ընթանում ԶԼՄ-ների հետ կապված դատավարությունները», - նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարության զարգացման բաժնի ղեկավար Օլիվեր Մակքոյը: «Գիրքը լավ հիմք է հանդիսանում Հայաստանում մամուլի և խոսքի ազատությանն առնչվող մարտահրավերները գնահատելու և իրավիճակի բարելավման ուղիներ մշակելու համար»:

Գրքի 2008-2009 թթ. հրատարակած նույնանուն գրքի շարունակությունն է:

Գրքի առաջին բաժինը ընդգրկում է հոդվածներ 2010-2011 թթ. 37 դատավարությունների մասին, որոնցում ներգրավված են եղել լրագրողները: Նրանց նկատմամբ հիմնական մեղադրանքներն են` զրպարտություն, վիրավորանք, պատվի, արժանապատվության և գործարար համբավի արատավորում: Այն նաև ներառում է անկախ իրավաբանի վերլուծություններ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համատեքստում:

«Մոնիտորինգի արդյունքում մեր հիմնական դիտարկումն այն է, որ 2010 թ. ԱԺ-ի կատարած օրենսդրական փոփոխությունը՝ վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումը, դրական նախաձեռնություն լինելով հանդերձ, բացասական ազդեցություն ունեցավ մամուլի համար, քանի որ զրպարտության հետ կապված բարձր տույժեր էին նախատեսված քաղաքացիական դատավարություններում»,- նշեց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահի տեղակալ, գրքի խմբագիր Լիաննա Սայադյանը: “Վերջին չորս տարվա մեր մոնիտորինգը արձանագրեց մի օրինաչափություն` բռնությունների դեպքերի թիվը նվազում է ոչ ընտրական տարում և աճում նախընտրական շրջանում:» 

Հրատարակության երկրորդ բաժինն ամփոփում է նույն ժամանակահատվածում լրագրողների դեմ բռնությունների դեպքերը և նախորդ տարիներին տեղի ունեցած բռնության դեպքերի բացահայտման հետ կապված զարգացումները: Զեկույցի համաձայն` 2010-2011 թթ. դրանց թիվը նվազել է` համապատասխանաբար 9 և 4 դեպք, նախորդ` 2008-2009 թթ. 18 և 11 դեպքի համեմատությամբ:

Գրքի էլեկտրոնային տարբերակը կարող եք գտնել այստեղ //www.osce.org/yerevan/88250:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային կապերով պատասխանատու Գոհար Ավագյանին հետևյալ հեռախոսահամարներով` 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5406, բջջ.` (091) 436389:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան