Skip Links

Press release

Հայ երիտասարդները ձեռք են բերում ԵԱՀԿ որոշում կայացնելու գործընթացի վերաբերյալ գործնական փորձ

Date:
Source:
OSCE Office in Yerevan (closed)

ԾԱՂԿԱՁՈՐ, 11 հոկտեմբերի 2013թ. - Մոտ վաթսուն ուսանող այսօր հավաքվել են Մոդել ԵԱՀԿ երկօրյա համաժողովի շրջանակներում, որը ԵԱՀԿ հիմնական որոշում կայացնող մարմիններից մեկի՝ Մշտական խորհրդի կրկնօրինակման խաղ է:

Միջոցառումը, որը կազմակերպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը՝ Նորվեգիայի կառավարության աջակցությամբ, նպատակ ունի կրթելու ուսանողներին ԵԱՀԿ մասին և ընձեռել հնարավորություն՝ կիրառելու իրենց բանակցային և հանրային խոսքի հմտությունները:

<<Ես բարձր եմ գնահատում մեր մասնակիցների կողմից ցուցաբերված ոգևորությունը ԵԱՀԿ պարտավորությունների և կազմակերպության կողմից աշխարում իրականացվող գործունեության հանդեպ>>, - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը. <<ուրախալի է տեսնել, որ ուսանողները մեծ հետաքրքրություն ունեն մեր միջոցառման նկատմամբ, որը լավ հիմքեր է ստեղծում հաջորդ Մոդել ԵԱՀԿ-ի նախապատրաստման համար>>:

Տասնութից քսանհինգ տարեկան մասնակիցները քննարկում են ներկա քաղաքական իրադրությունը հորինված երկրներ Նորսլավիայի և Մալիայի միջև և առաջարկում են լուծումներ՝ հաղթահարելու տնտեսական ճգնաժամի, աճող միգրացիայի, հանրային  խռովությունների և  անկայունության հետ կապված մարտահրավերները: Նախքան համաժողովը՝ մասնակիցները ձեռք են բերել գիտելիքներ ԵԱՀԿ-ի, միջազգային հարաբերությունների, հանրային խոսքի և բանակցային հմտությունների վերաբերյալ՝ ԵԱՀԿ գրասենյակի կողմից կազմակերպված թեմատիկ դասընթացների ժամանակ:

Երևանի պետական համալսարանի ուսանող Ալեն Շադունցը, ով նախագահում է քննարկումներն, ասաց. <<Մոդել ԵԱՀԿ համաժողովը կարևոր դեր է ունեցել իմ տեսական գիտելիքները ստուգելու  և բարելավելու համար: Միջազգային հարաբերություններ սովորող ուսանողների համար այս համաժողովը հիանալի հնարավորություն է՝ պրակտիկ փորձ ձեռք բերելու համար: Ահա թե ինչու ես որոշեցի նորից դիմել մասնակցության համար>>:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակն իրականացնում է Մոդել ԵԱՀԿ համաժողովներ 2008թ.-ից: Համաժողովը ԵԱՀԿ Մշտական խորհրդի կրկնօրինակում է, որտեղ մասնակիցները հանդես են գալիս որպես ԵԱՀԿ մասնակից պետությունների  <<դեսպաններ>>: